«Եթե տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն՝ դրանից ինչ-որ մեկը պետք է տուժեր՝ տուժող կողմ չկա». Զարուհի Փոստանջյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Դեռևս փետրվարին Հատուկ քննչական ծառայությունում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ սուտ մատնության հատկանիշներով։
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, «08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններն այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումար են ստացել»:
168.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հարուցված քրեական գործում ներգրավված է՝ որպես վկա։
Նա նաև տեղեկացրեց, որ այս գործից զատ՝ իր նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, և ներգրավվել է որպես մեղադրյալ՝ մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ հնչեցրած ելույթի համար, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
«Սա իմ դեմ հարուցված երկրորդ քրեական գործն է, վերջին քրեական գործը հարուցվել է դատախազի ցուցումով։ Հարուցել են քրեական գործ, սակայն տուժող չեն ճանաչել, ենթադրյալ տուժողը պետք է լինի երևի Նիկոլը։ Որպես խափանման միջոց՝ ընտրել են ստորագրություն չհեռանալու մասին, ակնհայտ է, որ նրանք փորձում են սահմանափակել և՛ խոսքի ազատությունը, և՛ քաղաքական գործունեությունը։ Այսինքն՝ թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ իրենց կարծիքն արտահայտեն, նաև խոչընդոտներ են ստեղծում քաղաքական գործունեություն իրականացնելու համար։ Բացարձակ կարիք չկար սահմանափակելու իմ տեղաշարժվելու իրավունքը, և ակնհայտ անհիմն է, այսինքն՝ ցանկացած սահմանափակում, որը կիրառվում է, պետք է հիմնավորվի, վերացական չեն կարող ասել, որ մարդը կարող է խուսափել նախաքննությունից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել՝ պարզելու, թե տուժողն ո՞վ է։
«Եթե տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն, ապա դրանից ինչ-որ մեկը պետք է տուժեր։ Հիմա նախաքննություն իրականացնող մարմինը չի նշում, թե ով է տուժողը, հիմա իմ հայտարարություններից ո՞վ է այդ տուժողը, փաստորեն, տուժող գոյություն չունի։ Հիմա միջնորդեցինք, որպեսզի տուժող ներգրավեն ենթադրյալ սուբյեկտ հանդիսացող Նիկոլին, բայց դա էլ է մերժվել»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։
Նա շեշտեց, որ այս ամենը չի կարող իրեն կաշկանդել կամ վախեցնել, որպեսզի չկարողանա իր կարծիքն ազատ արտահայտել։ Միաժամանակ կուսակցության ղեկավար և փաստաբան Փոստանջյանը համոզված է, որ այստեղ հստակ է մեկ բան՝ որ ազատ տեղաշարժվելու իր իրավունքը հատուկ են սահմանափակում, որպեսզի չկարողանա դուրս գալ երկրից։
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ մարտի 15-ի ելույթում Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, ասել էր. «Մեր պայքարն արդար է։ Եվ եթե մենք մեր պայքարի ճանապարհին ի կատար ածենք հայ ազգի դատավճիռը, որն ուղղված է ներքին թուրքին, որն այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է լինելու։ Հերթ են կանգնել, այդ հերթում կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Մենք հետապնդելու ենք, որ դատավճիռը կայանա, կայանա այն բոլոր մարդկանց համար, ովքեր ցեղասպանեցին, դավաճանեցին մեր հայրենիքը։ Նրանց մենք անուններով ենք ճանաչում, առաջինը Նիկոլն է։ Նիկոլ, գալու ենք հետևիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց, և գիտես՝ ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Միգուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու և գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևը։ Դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, ստացար քո մահվան համբույրը։ Սպասիր, Նիկոլ, գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած՝ ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք»։