«Ինչ ասել եմ Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի՝ Էռատոյի հասցեին, շարունակում եմ պնդել». Զարուհի Փոստանջյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հատուկ քննչական ծառայությունում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն տալու հատկանիշներով։

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:

Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու»:

168.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն, ինչ ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, պնդում է նաև այժմ։

«Օրեր առաջ ոստիկաններն այցելեցին իմ բնակարան, ծանուցագիր տրամադրեցին՝ ՀՔԾ-ից քննիչի կողմից տրամադրված, որով ինձ ծանուցեցին ներկայանալ ՀՔԾ և բացատրություններ տալ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։

Հաջորդ օրը ես ներկայացա ՀՔԾ, որտեղ նախ հետաքրքրվեցի, թե արդյոք կա՞ քննվող գործ Նիկոլ Փաշինյանի և նրա կողակից Էռատոյի վերաբերյալ, քննիչն ինձ պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։ Հետո ասացի, որ, եթե տեղեկացված չեն, բացատրություններն ինչի՞ շուրջ է, ինձ պատասխանեց, որ բացատրությունները մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների մասով է։

Բացի այդ ասուլիսը, երեք ամիս շարունակ տարբեր մամուլի ասուլիսներ եմ տվել, նույնիսկ պատերազմի օրերին պահանջել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրան զուգահեռ՝ բազմաթիվ հայտարություններ եմ արել, ի՞նչ է, նո՞ր են սկսել հետևել իմ հայտարարություններին։ Քննիչն ինձ պատասխանեց, որ ինքը կոնկրետ հետևում է իմ գործունեությանը, սակայն ՀՔԾ հրավիրելն իր նախաձեռնությունը չէ»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Զ. Փոստանջյանի, ՀՔԾ-ի քննիչը ստացել է ՀՔԾ պետից զեկուցագիրը և դրա հիման վրա պարտավորվել է կատարել գործառույթներ, որոնք վերապահված են քննիչին։ Այսինքն՝ հատուկ զեկուցագիր է կազմվել, Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ հավանաբար դրա հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանի կինը կամ Էրդողանն ու Ալիևը, որի հիման վրա կազմվել է զեկուցագիր։

«Ես ՀՔԾ-ում ասացի, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք ըստ էության ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին՝ անաչառ չեն, ուստի բացատրություններ չտրամադրեցի։ Քննիչը հայտարարեց, որ ինքն անաչառ է, ես էլ հակադարձեցի, որ եթե գեթ մեկ անաչառ քննիչ լիներ, վաղուց Նիկոլ Փաշինյանը համապատասխան կարգավիճակում կգտնվեր՝ մեղադրյալի։ Այն, ինչ ասել եմ Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի՝ Էռատոյի հասցեին, շարունակում եմ պնդել»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։

Նրա բնորոշմամբ, այն ամենը, ինչ տեղի է ունենում իր նկատմամբ, պետք է դիտարկել երկրում տեղի ունեցող ընդհանուր իրադարձությունների համատեքստում։

«Ես առաջին անգամ չեմ այսպիսի վիճակում, երբ անմեղ զինվորների էի պաշտպանում, այն ժամանակ իշխանությունները և Գագիկ Ջհանգիրյանն էին նման գործառույթ իրականացնում։ Որևէ մեկն ինձ չի կարող կաշկանդել, օսմանիզմի, ստալինիզմի դեմ պապերս են պայքարել, թուրք են ոչնչացրել, հայրիկիս  տատիկը՝ Հայկուհին, անձամբ է թուրքերից փրկել ընտանիքը, հետևաբար՝ հիմա  ինչո՞ւ պետք է վախենամ կամ կաշկանդվեմ։ Թուրքերը թող մեզանից կաշկանդվեն, բայց խնդիրն այն է, որ թուրքերն այստեղ ունեն իրենց ներկայացուցիչները, և նրանք ցեղասպանեցին։ Պատկերացնո՞ւմ եք, 100 տարի անց ցեղասպանություն է տեղի ունեցել, այն էլ՝ հայի ազգանուն ունեցող մարդկանց միջամտությամբ։ Մեր երեխաներին հատուկ տարել են, որպեսզի սպանեն, հատուկ են արել, արել է Նիկոլ Փաշինյանը և իր կողակիցը»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

Տեսանյութեր

Լրահոս