«Դեղին բաճկոնավորները» Փարիզում դուրս են եկել մայիսմեկյան ցույցի
«Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցները Փարիզում մասնակցում են մայիսմեկյան բողոքի ակցիայի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայիսի մեկին ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք համավարակի պատճառով 2020-ին չէին կայացել:
Ցուցարարները հավաքվել են Փարիզի Մարշալ Ժուանի հրապարակում: Բողոքի ակցիան անցկացվում է ոստիկանության վերահսկողությամբ, և ցուցարարները պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկելու է գլխավոր ցույցը:
Ըստ Աշխատանքի համընդհանուր համադաշնության տվյալների՝ Ֆրանսիայում գրեթե 300 բողոքի ակցիա է նախատեսվում: Ֆրանսիայի իշխանությունների գնահատմամբ՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցելու է մոտավորապես 100 հազար մարդ:
2018 թվականի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավերները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, իսկ հետո պահանջների ցանկն ընդլայնվել է: Ավանդական դարձած բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: