«Արման Հովհաննիսյանն ինձնից լավ դատավոր է ու լավ մարդ: Ինքն առհասարակ ուրիշ է». Ալեքսանդր Ազարյան

Երեկ ակնկալելի կերպով մեծ աղմուկ բարձրացրեց 168.am-ի հրապարակումն այն մասին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հիմք ընդունելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի զեկուցագիրը, կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:

Բազմաթիվ փաստաբաններ, դատավորներ, դատախազներ, պարզապես իրավաբաններ երեկ ողջ օրվա ընթացքում իրենց աջակցությունն էին հայտնում դատավորին, նշում նրա բարձր պրոֆեսիոնալիզմն ու մարդկային որակները:

Առավել արտառոց էր կարգապահական վարույթ հարուցելու պատճառը: Պարզվում է՝ իշխանությունները շատ նյարդային են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժման առնչությամբ, մի որոշում, որը, ի դեպ, անփոփոխ է մնացել նաև Վերաքննիչ դատարանում: Ավելի ուշ մեզ հետ զրույցում Արման Հովհաննիսյանն ասաց, որ այս վարույթի հարուցմամբ ուղիղ ցանկանում են միջամտել իր անկախությանը, ինչը վստահաբար չի ստացվելու:

«Կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, միևնույն է, դա չի ստացվելու իրենց մոտ, քանի որ ես աշխատելու եմ այնպես, ինչպես որ աշխատել եմ 2018թ. մարտի 27-ից: Ավելի լավ է՝ ես չաշխատեմ, քան աշխատեմ այնպես, ինչպես որոշ մարդիկ են պատկերացնում»,- նշել էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

Այսօր կարգապահական վարույթի փորձ ունեցող մեկ այլ դատավորի՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին 168.am-ը խնդրեց իր վերաբերմունքը ներկայացնել Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքին:

Դատավոր Ազարյանի արձագանքը տարբերվող էր: Նա նախ հարցրեց՝«Իմ մասին շատ եք լսել, չէ՞, որ ես լավ դատավոր եմ ու լավ մարդ»:

Դրական պատասխանը լսելուց հետո Ալեքսանդր Ազարյանն ասաց.

«Դե իմացեք, որ Արման Հովհաննիսյանն ինձնից լավ դատավոր է ու լավ մարդ: Ինքն առհասարակ ուրիշ է»:

Տեսանյութեր

Լրահոս