«Չի ստացվելու. կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ 2018թ․ մարտի 27-ից». Արման Հովհաննիսյան

168.am-ն այսօր,հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:

Մեր տեղեկություններով՝ այդ առնչությամբ զեկուցագիրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայացրել արդարադատության նախարարին:

Խոսքը վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժմանը: Դատավոր Արման Հովհաննիսյանը հրաժարվել էր կալանքի որոշում կայացնել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Նկատենք, որ Արման Հովհաննիսյանի կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, թողել էր անփոփոխ:

168.am-ի հետ զրույցում դատավորը հաստատեց մեր տեղեկությունը:
«Այո, արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ կապված Աշոտ Մինասյանի կալանքի միջնորդության քննարկման հետ»,-ասաց Արման Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր համար սպասելի էր այդ վարույթի հարուցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում մինչ այդ տարատեսակ կարծիքներ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից հենց այդ գործի առնչությամբ:

Դատավորը նշեց, որ չի ցանկանում հիմա անդրադառնալ այդ վարույթի հարուցման օրինականությանը կամ արդարադատության նախարարին դիմող մարմնի զեկուցագրերի հիմնավորվածությանը:

«Կարծում եմ, ԲԴԽ-ում կլինի դատավարություն, որն իմ պնդմամբ կլինի հրապարակային, և այդ ժամանակ հանրությունը կտեսնի՝ ո՞ւմ դատական ակտն էր պատճառաբանված կամ չպատճառաբանված, օրինական կամ անօրինական, ո՞ւմ միջնորդությունն էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր: Այդ ամեն ինչը բոլորը կտեսնեն»,-ասաց Արման Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե իր ակտերը բեկանվում էլ են, հիմնականում բեկանվում են գերպատճառաբանված, այլ ոչ թե չպատճառաբանված լինելու համար:

«Կարծում եմ՝ այս վարույթի հարուցմամբ, որ ուղիղ ցանկանում են միջամտել իմ անկախությանը, ինչը վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու: Կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, միևնույն է, դա չի ստացվելու իրենց մոտ, քանի որ ես աշխատելու եմ այնպես, ինչպես որ աշխատել եմ 2018թ. մարտի 27-ից: Ավեի լավ է՝ ես չաշխատեմ, քան աշխատեմ այնպես, ինչպես որոշ մարդիկ են պատկերացնում»,-եզրափակեց դատավոր Արման Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս