Ինֆերնո․ Հայաստան 2021

Հայաստանում սպասվող ընտրությունների ու Եռաբլուրի միջև կա ուղիղ կապ։ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ, որովհետև Եռաբլուրի պանթեոնում այլևս տեղ չկա։

Ընտրություններն Արցախի սահմանների հետքաշման ու Եռաբլուրի անսահմանության մեծացման հետևանք են։ Ու քանի որ դա այդպես է, որքան էլ անպարկեշտ, սակայն գոյության իրավունք ունի հարցը՝ ո՞ւմ կընտրեին Եռաբլուրում հանգչող տղաները, եթե Եռաբլուրի սահմանները չլինեին այնքան անծայրածիր, որքան այսօր են։

Հարցը, իհարկե, հռետորական է, գուցե փիլիսոփայական, բայց այդ հարցի պատասխանը պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր հանդգնում են մասնակցել ընտրություններին։ Բոլորից առաջ, սակայն, այդ հարցն իրեն պետք է ուղղի և պատասխանը պետք է փորձի գտնել ընտրությունների կազմակերպիչն ու իշխանության պահպանման հավակնորդը։ Այդ հարցի պատասխանն է իրականում որոշելու ընտրությունների լեգիտիմությունը, ոչ թե ընտրատեղամասում պտտվող քվեների հաշվարկը։ Որովհետև Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած աղետից հետո ընտրությունը պետք է կայանա ոչ թե տեղամասերում, այլ առաջին հերթին՝ Եռաբլուրում, որտեղ մերժվածը չպետք է կարողանա մոտ գնալ իշխանությանն անգամ այն դեպքում, եթե ստանա ողջերի քվեների հարյուր տոկոսն ամենաթափանցիկ ու ազատ ընտրություններում։

Հայաստանն ապրում է մահվան մեջ, լուսավոր երիտասարդների անձայն, բայց մշտական ներկայությամբ։ Ու ողջերից քվե ակնկալողը դրանից առաջ նախ պետք է արժանանա այդ անաղմուկ ներկայության ձայներին, որոնք էլեկտորալ ու տոկոսաբաշխիչ ձայներ չեն։

Սա քաղաքականության կանոն չէ, սա մարդկայնության ու ամենապարզ բարոյականության օրենք է, որին չենթարկվողի պարտությունն ընտրությունում հաղթանակի բացակայությունը չէ։ Դա նույնիսկ պարտություն չէ, այլ պատիժ, դատավճիռ, որը լսելի է լինելու միայն դրա հասցեատիրոջը, լսելի է լինելու կամ արդեն իսկ է՛ շատ բարձր՝ գերեզմանային լռության պայմաններում։

Պատերազմներում զոհվում են ոչ միայն մարդիկ։ Պատերազմը սպանում է նաև ապրողների մարդկայնությունն ու ողջերի բարոյականությունը։ Հենց սպանված բարոյականության չխնկարկվող հուշարձանն է այն իրողությունը, որ իր իշխանավարության օրոք բոլոր աճերից ամենաշատը գերեզմանների ավելացում արձանագրածն ավերը շարունակելու հայտ է ներկայացնում։

Իրականում դա վանդալիզմի եզակի ու սատանայական դրսևորում է Եռաբլուրի նկատմամբ։ Բայց այդ դրսևորումն ընդունվել է ի գիտություն, որովհետև հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող որևէ միջազգային կազմակերպություն չի արձանագրում ու չի դատապարտում դրանց բարոյական պղծումը, հատկապես որ, պղծողը պարբերաբար հարգանքի տուրք է մատուցում հուշարձանին՝ կազմակերպելով խոնարհումի ծիսական ներկայացումներ։

Առաջիկա ընտրությունները լեգիտիմ չեն կարող լինել, եթե անգամ դրանք անցկացվեն թաղանթային թափանցիկության ու տիեզերական արդարության պայմաններում։

Դրանք կազմակերպում է մեկը, ում մերժումն արտահայտվում է ոչ թե՝ փողոցներում, այլ՝ Եռաբլուրում։

Տեսանյութեր

Լրահոս