«Չի լինում անարդար խաղաղություն». Արման Թաթոյան

«Իմ կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիների և, մասնավորապես, Սյունիքի սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Դա հնարավորություն կտա երաշխավորել մեր սահմանային բնակիչների կյանքի, առողջության և մյուս այլ իրավունքները, այլ նաև վերականգնել կոպտորեն խախտված սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքներ: Դա նշանակում է, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ այս վերլուծությունները կոնկրետ փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին:

«Մեր երկու երկրների միջև երբևէ չի իրականացվել սահմանագծում և սահմանազատում, իսկ սահմանների գծման գործընթացի հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, որևէ միջազգային կազմակերպություն չի կարող իրեն համոզել, որ դա նորմալ է, և ինքը՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, որպես կառավարությունից անկախ հաստատություն, բարձրացնում է այս հարցերը ու ամեն ինչ անելու է դրանք միջազգային քննարկման առարկա դարձնելու համար:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ասել էր, որ չեզոք գոտին երկու երկրների տարածքի հաշվին պետք է լինի, Արման Թաթոյանն ասաց, որ ինքը լսել է պարոն Մելքոնյանի խոսքը, և նա այլ բան նկատի ուներ:

«Խոսքը սահմանային շերտի մասին է: Նա իր իրավասության սահմաններում ասում է այն, ինչ կա: Խոսքը ԱԱԾ իրավասության տեսանկյունի մասին է: Ես բոլորովին այլ երևույթի մասին եմ խոսում ու Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից: Ես միջազգային կառույցներին ասել եմ՝ պատերազմի ժամանակ ձեր անհամաչափ լռությունը նպաստեց նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություններ»,- նշեց Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները հիմա փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե հակամարտությունն ավարտված է, ամեն ինչ նորմալ է, մեր սահմանների հետ կապված խնդիր չկա, և իրենք գնում են դեպի խաղաղություն:

«Դրանով իրենք խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ շղարշ ապահովելով միջազգային հանրության համար՝ փորձում ծածկել այս խախտումները: Ես անում եմ ամեն ինչ՝ դա թույլ չտալու համար: Չի լինում անարդար խաղաղություն»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ միջազգային հանրության համար իր ներկայացրած տեղեկությունները պահանջված են, որովհետև դրանք հիմնված են փաստերի վրա և շատ դեպքերում միայն ապացույցներ են պարունակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս