Իսրայելում սուգ են հայտարարել տոնի ժամանակ մարդկանց զոհվելու պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 2-ը, ազգային սուգի օր է հայտարարել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի ժամանակ տուժել է 150 մարդ, 44-ը մահացել են։ «Մերոնում տեղի ունեցած աղետն ամենադաժաններից մեկն է, որը պատահել է Իսրայել պետությանը: Ես խնդրում եմ կիրակի օրը հայտարարել ազգային սուգի օր»,-Բենիամին Նաթանյահուն հայտարարել է տեսաուղերձում: Միջադեպը տեղի է ունեցել Մերոն լեռան վրա (գտնվում է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում) Լագ բա Օմեր հրեական կրոնական տոնի տոնակատարության ժամանակ:
Զինվորականներն օգնում են զոհվածների մարմինները եւ վիրավորներին տարհանելու եւ տեղում բուժօգնություն ցուցաբերելու, վիրավորներին արագ հիվանդանոցներ հասցնելու եւ վիրավորներին բժշկական կենտրոններում տեղավորելու գործում: Միեւնույն ժամանակ ողբերգության վայրում առաջացել է շարժական կապի հետ կապված խնդիր, նշում է Իսրայելի ոստիկանությունը: Մերոն լեռան վրա, որտեղ գտնվում է րաբբի Շիմոն Բար-Յոհայի գերեզմանը, Լագ բա Օմեր հրեական տոնի տոնակատարությունն առաջին մասսայական միջոցառումն է դարձել կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների չեղարկումից հետո: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել էր այն մասին, որ միջոցառմանը մասնակցել է մինչեւ 100 հազար մարդ: Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել էր 38 զոհվածների եւ 60 տուժածների մասին:
Թերթի տվյալներով՝ մարդկանց մի մասը կարող էր վերքեր ստանալ կամ զոհվել հրմշտոցի հետեւանքով, որը հետեւել է տրիբունայի փլվելուն: Լագ բա Օմեր տոնը նշվում է հրեական լուսնային տոմարով իյար ամսվա 18-ին, որն այս տարի համընկել էր ապրիլի 29-ի արեւի մայրամուտից մինչեւ ապրիլի 30-ի ուշ երեկո: Այն սահմանվել է համաճարակը դադարելու հիշատակին, որից մահացել են հրեական աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որն ապրել է մեր թվականության I եւ II դարերի սահմանագծին: Ըստ ավանդույթի այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: