«Մարզպետը մեզ հետ խոսեց, մենք վստահ դուրս եկանք՝ համոզված, որ այդքան բժշկի խնդրանքը, ովքեր գիշեր-ցերեկ անտրտունջ աշխատում են, կհարգվի, բայց…». «Գավառ» բ/կ-ի փոխտնօրեն
Երեկ տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է «Գավառ» բ/կ-ում:
Բանն այն է, որ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթել է գործող տնօրեն Աշոտ Կարապետյանը, սակայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի կամոք՝ տնօրեն է նշանակվել ծագումով գավառցի, բայց այնտեղ չբնակվող, կենտրոնի աշխատակիցների ու բժիշկների համար խիստ անցանկալի մեկը։
«17 տարի 24-ժամյա ռեժիմով այդ մարդը ծառայել է գավառցիներին, ու հիմա նման վերաբերմո՞ւնք»,- 168.am-ի հետ զրույցում վրդովված նշել էին բժշկական կենտրոնի աշխատակիցները։
Մեզ նաև փոխանցել էին, որ աշխատակիցները ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության շենքի մոտ, սակայն մարզպետն ու մարզի իրավապահները խոչընդոտել են իրենց:
Ավելի ուշ տեղեկացանք, որ «Գավառ» բ/կ-ի աշխատակիցները եղել են մարզպետարանի շենքում, հանդիպել մարզի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանի հետ:
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցան այդ հանդիպման արդյունքներով՝ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը պատասխանեց՝ բացասական:
«Մարզպետը մյուս թեկնածուին արդեն նշանակել է: Երկու թեկնածուներն էլ՝ թե Աշոտ Կարապետյանը, և թե մյուս մասնակիցը, հաղթել են, սակայն մարզպետը նախապատվությունը տվեց մյուսին»,- ասաց «Գավառ» բ/կ-ի փոխտնօրենը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս թեկնածուի՝ Աշոտ Կարապետյանը մշտապես բնակվել է մարզում, 2004 թվականից զբաղեցնում է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը:
«Մենք ստորագրահավաք կազմակերպեցինք: Մեր բժշկական կենտրոնի շուրջ 140 աշխատակիցներ, անգամ նրանք, ովքեր այս պահին ֆիզարձակուրդում են կամ հիվանդ, միաձայն, մի մարդու պես միացան դրան, ու ներկայացրեցինք մարզի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանին»,- ասաց Գայանե Գրիգորյանը:
Նա նշեց, որ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու պաշտոնյան իրենց պատասխանել է, որ դա մարզպետի որոշումն է, և ինքը չի կարող դրան դեմ գնալ:
«Լուսինե Վարդանյանը մեզ ասաց, որ երկար տարիներ ճանաչում է Աշոտ Կարապետյանին, իրենք մտերիմ են եղել, բայց ինքը ոչինչ անել չի կարող: Ըստ օրենքի՝ մարզպետն ինքն է որոշում՝ նման դեպքում ում նշանակել»,- ասաց «Գավառ» բ/կ-ի փոխտնօրենը՝ հավելելով, որ թեպետ բժիշկ Կարապետյանը դեմ է իրենց որոշմանը, բայց կենտրոնի աշխատակիցները չեն պատրաստվում համակերպվել այդ որոշման հետ, իրավական ճանապարհով պայքարելու են դրա դեմ:
Մեր հարցին, թե կենտրոնն այս պահին գործո՞ւմ է, թե՞ ոչ, Գայանե Գրիգորյանը պատասխանեց՝ իհարկե, հիվանդներն ի՞նչ մեղք ունեն ստեղծված իրավիճակում:
Նա նաև նշեց, որ թեև մարզպետի հրամանը նոր տնօրեն նշանակելու հարցով եղել է ապրիլի 28-ին, բայց բ/կ-ի տնօրենի պարտականությունները դեռևս Աշոտ Կարապետյանն է կատարում:
«Աշոտ Կարապետյանը շատ լավ ղեկավար ու կառավարիչ է: Մենք մարզպետին ողջ անձնակազմով խնդրեցինք տնօրեն նշանակել Աշոտ Կարապետյանին, քանի որ այս տարիների ընթացքում բոլորն են տեսել նրա նվիրումը մարզին ու բժշկական կենտրոնին: Նա ասաց՝ ես կմտածեմ, ու մտածեց ի վնաս մեզ:Մարզպետը մեզ հետ խոսեց, մենք վստահ դուրս եկանք՝ համոզված, որ այդքան բժշկի խնդրանքը, ովքեր գիշեր-ցերեկ անտրտունջ աշխատում են, կհարգվի, բայց…: Ինչ-որ փոփոխություն են ուզում, բայց հասկանալի չէ՝ ինչ փոփոխություն»,- հուզված ասաց Գայանե Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ իրավապահների հետ խնդիր չունեն, եկել էին բ/կ, տեսնեն՝ ինչ է կատարվում:
«Իրենք էլ շատ հարգում են Աշոտ Կարապետյանին, միշտ սերտ համագործակցել են բ/կ-ի հետ, ցանկացած դեպքով եկել են, ոստիկաններն էլ ասում էին՝ բժշկուհի, մենք ձեզ հետ ենք: Իրենք իրենց աշխատանքի բնույթով պայմանավորված էին եկել այստեղ»,- եզրափակեց «Գավառ» բ/կ-ի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը: