Բաժիններ՝

«Երկուշաբթի կբերենք Քաղաքապետարան մեր բալիկներին». վերանորոգվող մանկապարտեզի երեխաների ծնողները դժգոհում են

«Մեր երեխաները երկուշաբթի ո՞ւր պետք է գնան». այս հարցադրմամբ այսօր Արաբկիր համայնքի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաների ծնողները հավաքվել էին Քաղաքապետարանի դիմաց: Մայիսի 3-ից մանկապարտեզը կանգնում է հիմնավոր վերանորոգման։ Ծնողների խոսքով՝ դռները փակվում են 18 ամսով, որի արդյունքում ավելի քան 160 երեխա մնում է առանց նախադպրոցական կրթության, աշխատակիցներն էլ հարկադիր պարապուրդի են մատնվելու։ Երկու պահանջ ունեին՝ կա՛մ տարածք հատկացնել, որ իրենց երեխաներն ու մանկապարտեզի աշխատակիցները կարողանան այնտեղ շարունակել գործունեությունը, կա՛մ տեղավորել երեխաներին այլ մանկապարտեզներում: Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ նրանք այս որոշման մասին իմացել են ապրիլի 27-ին, չնայած վերանորոգման մասին խոսակցություններ եղել են ավելի վաղ:

«Դեռ մեկ տարի առաջ, երբ կորոնավիրուսի պատճառով մանկապարտեզները փակվեցին, մենք մտածեցինք, որ այդ ժամանակ կարող է վերանորոգումը լինի, երբ ամբողջ հանրապետությունը հարկադրված տանը նստած էր: Որոշումը եղել է 2 տարի առաջ, ծրագիր է եղել, շահել են, պետք է վերանորոգումը տեղի ունենար, բայց չեղավ: Պարբերաբար հարցրել ենք, թե ե՞րբ է լինելու, ասել են, որ վերջնական պատասխան չկա Քաղաքապետարանի կողմից, երբ լինի՝ կտեղեկացնենք, բայց խնդիր չի լինելու, ձեր երեխաներին տեղավորելու են այլ մանկապարտեզներում, այսինքն՝ վերանորոգումը ծնողների համար պետք է խնդիր չառաջացներ, մի բան էլ կուրախանայինք, որ  վերադառնալու ենք նորոգված մանկապարտեզ: Բայց փաստն այն է, որ մեզ երեքշաբթի տեղեկացնում են, որ երկուշաբթի օրվանից մենք մանկապարտեզ չենք գալու, ու տեղավորման հարցը, տեսնում եք՝ ինչ վիճակում է»,- ասաց ծնողներից մեկը, ում երեխան 5 տարեկան է, նախադպրոցական տարիքում:

«Ծնողները երկուշաբթի օրը կանգնելու են խնդրի առաջ, տեղ չունեն բալիկներին թողնելու: Ավելի շուտ գիտենք՝ որտեղ կթողնենք, կբերենք Քաղաքապետարան մեր բալիկներին: Թող սպասեն, եթե մինչև երկուշաբթի լուծումը չտան»,- ասաց մեկ այլ ծնող:

«Ես մի ամիս առաջ եմ իմ փոքր երեխային ընդունել կրտսեր խումբ, էդ ժամանակ ինչո՞ւ ընդունեցին, ինչո՞ւ չասացին, որ կանգնում է վերանորոգման մանկապարտեզը, խնդրում ենք, գրանցեք ուրիշ մանկապարտեզ, ուրիշ տեղ հերթ կանգնեք»:

Հավաքվածների խոսքով՝ մանկապարտեզի երեխաներից մեծ մասի ծնողները՝ և՛ հայրը, և՛ մայրը, աշխատում են, կան նաև չգրանցված աշխատողներ:

«Ծնող կա, որ գրանցված աշխատող չէ, բա էդ ծնողն ի՞նչ անի: Երեխային պահող չունեմ, ծնողներս այստեղ չեն, վճարովի համակարգ չեմ կարող տեղափոխել, որովհետև ի վիճակի չեմ»,- ասաց ծնողներից մեկը:

«Իմ բալիկը մեծ հաճույքով մանկապարտեզ է գնում, հիմա ինքը սթրես է տանելու, որ տանն է մնալու, ես չեմ աշխատում, բայց պետք է երեխան մանկապարտեզ գնա, մանկապարտեզում ոչ թե դայակություն են անում, այլ սովորեցնում են, նախակրթարան է մանկապարտեզը, դա պետք է, պարտադիր է: Տառապանքով երեխաներին ընդունեցինք մանկապարտեզ, հիմա էլ, եթե ես չեմ աշխատում, երեխաս պետք է 1 տարի նստի տանը, հետո գնա դպրո՞ց»,- ասաց մեկ այլ ծնող:

Մինչև Քաղաքապետարան գալը ծնողները դիմել էին  նաև թաղապետարան՝  անարդյունք:

«Քանի ծնող զանգել է, էդքան ծնողի տարբեր բան են ասել: Թաղապետարանից անգամ շատ կոպիտ ձևակերպումներ են եղել, ընդհուպ մինչև՝ «Դուք ձեր գլխի ճարը տեսեք», կամ «տեղյակ չենք, դիմեք Քաղաքապետարան»»,- ասաց ծնողներից մեկը:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը: Ծնողներից մեկը պարզ հարց ձևակերպեց.

«Մեր երեխաները երկուշաբթի ո՞ւր պետք է գնան»:

Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց.

«Ես չեմ կարող ասել հենց երկուշաբթի օրվա հետ կապված, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Հանրակրթության վարչության պետի ժ/պ-ի պնդմամբ՝ իրենք սպասում են Առողջապահության նախարարության կողմից սահմանափակումների մեղմացման մասին հրամանի, որ կարողանան իրենց ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում խմբերն ընդլայնել, տեղավորել երեխաներին, որոշումը, սակայն, դեռևս չկա:

«Մենք արդեն իսկ նախապես պլանավորել էինք, թե որտե՞ղ, ո՞նց ենք տեղավորելու երեխաներին, բայց քանի որ ժամկետի տեսանկյունից, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», դրա համար բախվեցինք այս խնդրին: Եթե այս փաստաթուղթը Առողջապահության նախարարությունից շուտ գար, մենք այսպիսի խնդիր չէինք ունենա և այստեղ չէինք հավաքվի»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր չէ հետաձգել վերանորոգումը, մինչև երեխաներին այլ մանկապարտեզում տեղավորելու հարցը լուծվի, Սարգսյանը պատասխանեց, որ դա իր իրավասությունների սահմանում չէ, և պետք է խորհրդակցի այն բաժնի հետ, որը զբաղվում է դրանով, իսկ հարցին, թե պատասխանը հայտնի կլինի՞ մինչև երկուշաբթի, Սարգսյանը դժվարացավ պատասխանել:

Ծնողները զանգահարեցին Առողջապահության նախարարություն, այնտեղից նրանց հայտնեցին, որ որոշումը, համաձայն որի՝ սահմանափակումները պետք է մեղմացվեն, ուղարկել են Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ ծնողներին ասացին, որ իրենց եզրակացությունն ապրիլի 20-ին ուղարկել են:

Ծնողները երկրորդ անգամ զանգահարեցին Առողջապահության նախարարություն, այս անգամ պատասխանեցին, որ որոշումը մոտ ժամանակներում կլինի, կոնկրետ ժամկետներ չնշվեցին: Այս ամենից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին, որ երկուշաբթի օրն իրենց երեխաներին կբերեն Քաղաքապետարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս