«Ես ճիշտ եմ արել, որ այդ առումով պետությանն եմ քննադատել». Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 10-ի գործողությունների մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացնելով ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցը, անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։
«Երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին, քաղաքացիները միանգամից սկսեցին հավաքվել՝ սկզբից կառավարության շենքի մոտ, որից հետո այնտեղ գնացին նաև մեր աշխատակիցները։ Այդ ժամանակ ես նաև ոստիկանապետի հետ խոսեցի, քաննարկումներ ունեցանք և սկսեցինք դիտարկումներ իրականացնել։ Այո, ես դատապարտել եմ բռնությունը և իմ դատապարտումը վերաբերում է նաև ԱԺ նախագահի նկատմամբ գործադրված բռնությանը, քանի որ այդ ժամանակ տեղեկություն կար, որ դա տեղի է ունեցել երեխայի ներկայությամբ»,- նշեց Արման Թաթոյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն դիտարկումներին, թե Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեղադրել է պետությանը, թե այդ ժամանակ բավարար ոստիկաններ չեն եղել, որպեսզի պետական շինությունները պաշտպանեին։
Շարունակելով թեման, Արման Թաթոյանը դիմելով պատգամավորին, բացատրեց, որ ՄԻՊ-ը պետությանն է վերահսկում, քաղաքացիներից պետությանը չի պաշտպանում, այլ պաշտպանում է քաղաքացիներին։
«Ինձ համար չկա զոհ կամ ոչ զոհ, ես այդ կատեգորիաներով չեմ առաջնորդվում։ Այո, պետությունը պարտավոր էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, որևէ մեկը չէր սպասում այդ հայտարարությանը, ինչը կարող էր որոշակի իրադարձությունների զարգացման բերել։ Պետությունն իրավունք չունի արդարանալ, սա միջազգային կանոն է, որ այս կամ այն ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով ռեսուրսներն ուղղել է մի ուղղությամբ, իսկ մյուս ուղղությունը թողել է։ Ես ճիշտ եմ արել, որ այդ առումով պետությանն եմ քննադատել, որովհետև պետությունը պարտավոր էր կանխատեսել։ Բայց քանի որ ամեն դեպքում եղել է, ես բռնությունը դատապարտել եմ, ինձ համար բռնությունն անընդունելի է»,- շեշտեց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արման Թաթոյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։