ՀՀ երկրորդ նախագահի շուրջ հավաքված թիմը, դաշինքը միակ ուժն է, որ շատ հստակ և թարմ մարտավարություն ունի. Բորիս Նավասարդյան
«Հայրենիքի փրկության շարժումն» առնվազն երեք մասի է բաժանված այսօր, և արտահերթ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի դեմ են պայքարելու ու փորձելու են իրարից ձայն տանել: «Հոդված» ակումբում կազմակերպված քննարկմանը նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Առնվազն երեք մասի բաժանված ասելով՝ նկատի ունեմ ԲՀԿ-ին, Քոչարյանին, որն ընտրություններին մասնակցելու է հավանաբար ՀՅԴ-ի հետ դաշինքով, և ՀՀԿ-Վանեցյան դաշինքին: Քիչ հավանական է, որ այդ բոլորն անցնեն խորհրդարան: Հիմնական ինտրիգն այն է՝ արդյոք խորհրդարան կմտնե՞ն այն ուժերը, որոնք ակնհայտ ժողովրդավարական օրակարգ են առաջ քաշում, եղել են «թավշյա հեղափոխություն» կոչվող գործընթացի ակտիվ մասնակից»,- նշեց նա:
Այսինքն, նրանք, որոնք այլևս չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, ունենալո՞ւ են այլընտրանք, որը հայտնվելու է խորհրդարանում, թե՞ 2-րդ, 3-րդ տեղերում լինելու են այն ուժերը, որոնց դեմ 2018-ին պայքարում էր ժողովրդի մեծամասնությունը:
Քննարկմանը ներկա Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը հավելեց, որ ՔՊ-ի հիմնական հաղթաթուղթը լինելու է Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթը:
«Այն ընտրազանգվածը, որի վրա փորձում է հիմնականում հենվել իշխող քաղաքական ուժը, դրանք մարդիկ են, որոնք չեն խորանում տարբեր ծրագրերի մեջ, բայց շարունակում են շնորհակալ լինել ու դեռ հույսեր են փայփայում, որ այլևս թավիշը չի լինելու հիմնական մարտավարությունը, և նրանց, ում ուզում էին պատժել 2018-ին, այս ընտրություններում հաղթելու դեպքում, ի վերջո, պատժելու են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները»,- նշեց նա՝ հավելելով, որ որևէ նոր բան չի ասվելու ՔՊ-ի կողմից:
Այն կարող է լինել, եթե շեշտը դրվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու վրա, բայց այդ հարևանները նման հնարավորություն չեն տվել Փաշինյանին իրենց պահվածքով: Այսինքն, Փաշինյանը նախընտրական թարմ ու նոր մարտավարություն դեռ չունի, ինչը նրանց թույլ կողմն է:
«Ամեն դեպքում, այն ընտրազանգվածը, որն ընկալում է Փաշինյանի էմոցիոնալ ելույթները, բավականին մեծ է, և նրանք ունեն որոշակի պաշար, որը երևի թե ավելին է, քան այս պահին ցանկացած այլ ուժի դեպքում»,- շեշտեց Նավասարդյանը:
Ըստ Նավասարդյանի, ՀՀԿ-Վանեցյան ալյանսը շեշտը դնելու է Փաշինյանի ձախողումների վրա, ինչը բավականին սուր ձևակերպումներով է իրականացվելու: Նավասարդյանը վստահ է՝ այս դաշինքը բավարարված է լինելու, եթե որևէ այլ ուժ հասնի իշխանափոխության և հաջողության Փաշինյանի դեմ պայքարում:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, Նավասարդյանը շեշտեց՝ ՀՀ երկրորդ նախագահի շուրջ հավաքված թիմը, դաշինքը միակ ուժն է, որ շատ հստակ և թարմ մարտավարություն ունի:
«Ի տարբերություն ՀՀԿ-ի, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և իր զինակիցների մեծ մասը հայհոյանքներ չեն օգտագործելու, այլ քննադատելով Նիկոլ Փաշինյանի օրոք եղած ձախողումները, առաջարկելու են այլընտրանքներ, որն արդեն երևում է Ռոբերտ Քոչարյանի տարբեր հանդիպումներից: Նրանք բավականին հստակ ծրագրեր են ներկայացնում՝ անկախ նրանից՝ մարդիկ հավատո՞ւմ են այդ ծրագրերի իրականանալի լինելուն, թե՞ ոչ»,- նշեց Նավասարդյանը: