Սարո Գևորգյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք»-ում
Երիտասարդ խոստումնալից երգիչ Սարո Գևորգյանը, որը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, արժանացել մրցանակների, Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցությում: Այն այս տարի անցկացվելու է օգոստոսի 19-25-ը Սոչիում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչն ասաց, որ դեռ նախորդ տարի պետք է մասնակցեր «Նոր ալիք»-ին, սակայն համավարակի պատճառով մրցույթը չի կայացել:
«Այս տարի զանգահարեցին և տեղեկացրին, որ կարող եմ մասնակցել լսումներին: Պատրաստվել եմ երկու շաբաթում՝ հագուստ կարել, երգեր ընտրել և այլն: Անգամ ծնողներիս և ամենամտերիմ ընկերներիս չէի ասել, որ պատրաստվում եմ լսումների փուլին մասնակցել: Ծնողներս Մոսկվայում են ապրում: Երբ ծանոթներս հարցնում էին, թե ինչո՞ւ եմ մեկնում Ռուսաստան, պատասխանում էի, որ գնում եմ ծնողներիս տեսնելու»,- խոստովանում է Գևորգյանը:
Երգիչը լսումների առաջին փուլում կատարել է Բիշոփ Բրիգսի «River»-ը և իր հեղինակային երգերից մեկը: «Մասնակցում էին նաև Մոսկվայի, Հայաստանի հայեր: Քսան մասնակցից երկուսս հաղթահարեցինք առաջին փուլը: Երկրորդ փուլում երգել եմ Ջեյմս Բրաունի «It’s a Man’s World» հանրահայտ ստեղծագործությունը և կրկին իմ հեղինակային գործերից մեկը: Մասնակիցները հավանել էին իմ ելույթը. նրանք մոտենում էին, ասում, որ աջակցելու են ինձ: Դրական արձագանքներ եմ ստացել և ուրախ վերադարձել Հայաստան: Պետք է լուրջ պատրաստվել մրցույթին, քանի որ մրցույթին մասնակցելը մեծ պատասխանատվություն է»,- նշում է երգիչը:
Սարո Գևորգյանը երգում է չորս տարեկանից, սակայն պրոֆեսիոնալ վոկալով զբաղվում է 13 տարեկանից: Սովորել է Երգի պետական թատրոնում, հետո՝ Նադեժդա Սարգսյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցույթների Ռիգայում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հաջողությունների է հասել, արժանացել է Գրան պրի մրցանակների: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին:
Զինվորական ծառայությունն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում: Վերադառնալուց հետո «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանի բեք-վոկալիստներից մեկն է եղել:
Որոշ ժամանակ չի մասնակցել մրցույթների, սակայն, ի վերջո, որոշել է ներկայանալ «Նոր ալիք»-ում: Սարոն ընդգծում է՝ դա իր երազանքներից է: