«Պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի». Սասուն Միքայելյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը դիմելով  ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանին, նշեց, որ պատերազմից հետո սահմաններում մեծ փոփոխություններ են եղել, հատկապես Սյունիքի տարածաշրջանում։

«Հիմա մինչև այդ վարչական տուգանքը, մինչև սահմանի վերականգնում, ինչպես է ապահովվելու սահմանը։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է։ Մինչև ձեր բերած առաջարկը, այդ ժողովրդի անվտանգությունն ինչպես պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի, դա պարզ բան է, հասկանալի, պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը պատգամավորի հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենց առաջարկը որևէ կապ չունի Սյունիքի հատվածում սահմանային պահպանության հետ, այնտեղ գործում են գործող օրենքների սահմաններում, և հայ սահմանապահ զորքերը  տեղադրել են ուղեկալներ, իրականացնում են իրենց ծառայությունը, հիմնական նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է։

«Գորիս-Կապան այդ 21 կիլոմետրն ամենաբարդ հատվածն է, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում է  ադրբեջանական տարածք, այնտեղ տեղակայված են նաև ռուս սահմանապահների կողմից պոստեր, որտեղ եթե ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, նրանց մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ են կազմակերպում ու փորձում հարթել»,- շեշտեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Այնուհետև Սասուն Միքայելյանը հավելեց, որ չի ցանկանում խոսակցությունը բանավեճի վերածել, ապրիլի 15-ին է եղել  Սյունիքում։

«Այնտեղից վերադառնալուց մեքենայի անիվը փչացավ, 2 ժամ կանգնել ենք այնտեղ, մեր սահմանապահներին չեմ տեսել, թուրքերը մի 100-150 մետր հեռու էին, ինչ-որ բաներ էին խոսում։ Ես ասում եմ, որ այդ անվտանգությունը՝ լինի սահմանապահ թե այլ զորքերով, հիմա պետք է իրականացվի, որովհետև 1993 թվականից, օրինակ՝ Պառավաքարում, թուրքերը միշտ իջնում ու ճանապարհից մարդ էին տանում։ Ուզում եմ ասել, որ մարդիկ մտահոգ են, բնակիչը, որն այդ ճանապարհով անցնում է, պետք է իրեն պաշտպան տեսնի, ես երկու ժամ կանգնել եմ, ինձ մարդ չի մոտեցել, պրիտոմ ֆորմայով եմ եղել»,- ընդգծեց ԵԿՄ նախագահ պատգամավորը։

Հիշեցնենք, որ դեռևս մարտին իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Սյունիքում տիրող իրավիճակին և վստահեցրել, թե Սյունիքն այսօր շատ անվտանգ է։ «Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել, այդ աշխատանքների մի մասին անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Սակայն սա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում էր, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին ու գնային պայքարելու թշնամու դեմ, նման բան չի եղել, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտությունը չկա։ Որևէ համայնքապետի կամ համայնքապետի ջոկատ տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցու դեմ, և որտե՞ղ է այդ պայքարը եղել, ուզում եմ իմանալ։

Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է  եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է»,- ասել էր Արմեն Խաչատրյանը։

Գրեթե մեկ ամիս անց նույն պատգամավորը ճիշտ հակառակ միտքն էր արտահայտել՝ նշելով, թե պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի։

 

Տեսանյութեր

Լրահոս