«Պատերազմից հետո խոսել, որ Սյունիքում ամեն ինչ շատ լավ է և անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ալիևի բացարձակ ցինիզմն ու պոռոտախոսությունը՝ Զանգեզուրն ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու վերաբերյալ, կապում է նրա հոգեվիճակի հետ:

«Ես հարցով կպատասխանեմ Ալիևի այդ հոխորտանքին, նա թող ասի, թե իր պապն ու ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել: Հաստատ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, որովհետև իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն չունի, որ անունը դնեին Ադրբեջան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն խաչատրյանը:

168.amի հարցերին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ Սյունիքն անվտանգ է, օրինակ, Մեղրիի քաղաքապետն ասում էր, որ այսքան ժամանակ քաղաքապետ է և Արմեն Խաչատրյանին իր քաղաքում չի տեսել, հետևաբար՝ ինքը գնացե՞լ է Սյունիք, որ ասում է՝ անվտանգ է, և մամուլը բազմիցս գրել է, որ ինքը Սյունիք է գնում գիշերով, դա ճի՞շտ է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․

«Իմ ներկա և բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ: Սյունիքում լինում եմ ամեն շաբաթ, չգիտեմ՝ այդ որ լրատվամիջոցն է ասել, որ գիշերով եմ գնում, այո, եթե աշխատանքից հետո եմ գնում, ապա գիշերով եմ հասնում: Ինչ վերաբերում է Սյունիքի անվտանգությանը, ապա կարող եք ավելի գիտական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե միջանցքներում և այստեղ-այնտեղ մարդիկ գտնել, որ խիստ շահագրգրռված են խոսել, այլ անձամբ գնալ Սյունիք և մոնիտորինգ անել՝ այնտեղ անվտա՞նգ է, թե՞ ոչ: Սյունիքում խնդիրները բազմաթիվ են, այն դարձել է անմիջական սահման, այդ սահմանի հետ կապված մեծ աշխատանք կա անելու: Իհարկե, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց, քանի որ շատ աշխատանքներ կան անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, հենակետերի ավելացում և այլն: Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի»։

Դիտարկմանը, որ Սյունիքում ադրբեջանցի զինվորները բնակիչների մեքենաների վրա են քարեր նետում, կովեր են գողանում, Արմեն Խաչատրյանը նկատեց՝ կովերի փաստով ուսումնասիրություններ են արվում: Հետևաբար, որպեսզի նման դեպքեր այլևս չլինեն, այնտեղ շատ մեծ աշխատանք կա անելու:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սյունիքն այսօր անվտանգ է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս