Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Իրանի դեմ խիստ պատժամիջոցներից հանուն միջուկային գործարքի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի նկատմամբ մի քանի ամենախիստ պատժամիջոցներից գրեթե լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ փորձելով վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):

Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով գործող եւ նախկին ամերիկացի պաշտոնյաների:

Գործակալության զրուցակիցները հրաժարվել են նշել կոնկրետ միջոցներ, որոնց չեղարկումը քննարկվում է, նշելով, որ ԱՄՆ-ը բաց է միջուկային գործարքի հետ անհամատեղելի բոլոր սահմանափակումների չեղարկման համար:

Associated Press-ի տվյալներով՝ խոսքը կարող է լինել այսպես կոչված «ոչ միջուկային պատժամիջոցների մասին, որոնք կապված են ահաբեկչության, հրթիռների մշակման եւ մարդու իրավունքների հետ:

Բացի այդ, գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով, կարող են չեղարկվել միջազգային ֆիանանսական համակարգ Իրանի մուտքի սահմանափակումները: Մինչդեռ, գործող պաշտոնյաները նշել են, որ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Վիեննայի բանակցություններում արդեն մի քանի շաբաթ Իրանի եւ միջազգային միջնորդների կրճատված «հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ՉԺՀ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) փորձագետներն աշխատում են ԳՀՀԾ ԱՄՆ-ի վերադարձի, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային գործարքի շուրջ ընդունված պարտավորությունների լրիվ ծավալով կատարմանը Թեհրանի վերադառնալու սինքրոնացման վրա:

ԱՄՆ-ը, որը ԳՀՀԾ-ից դուրս էր եկել 2018 թվականի մայիսին, Վիեննայում Իրանի հետ բանակցություններ է վարում ոչ ուղղակիորեն, այլ միջուկային գործարքի մյուս մասնակիցների միջոցով: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է ԳՀՀԾ վերադառնալու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը լրիվ ծավալով պահպանի ԳՀՀԾ-ի պայմանները: Իրանն ի պատասխան հայտարարել է, որ առաջին քայլն ԱՄՆ-ինն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս