Մենք ասում ենք՝ քաղաքական հետապնդում է, և որևէ մեկը՝ կլինեն դատախազության պատասխանատուներ թե ովքեր, չեն կարող թաքցնել սա․ Արծվիկ Մինասյան
Երևան քաղաքի քննչական վարչության առջև լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի այն պնդմանը, թե ՀՅԴ ներկայացուցիչներին հարցաքննության կանչելը որևէ առնչություն չունի դատախազության մոտ այսօր նախատեսված բողոքի ակցիայի հետ, նշեց․
«Ես ավելի վաղ եմ ստացել ծանուցագիրը, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Ուզում եմ հիշեցնել, որ սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ՝ այն դեպքում, երբ իրենք, տարբեր դեպքեր կարող եք վերցնել՝ նույնիսկ «հեղափոխության չգիտեմ ինչեր», երբ հավաքվում էին դատախազության մոտ մի քանի հոգով, դատախազը պատիվ էր անում և իջնում էր, հանդիպում էր, բացատրություն էր տալիս։
Այս դեպքում, երբ խոսքը հերոսական սյունեցի ժողովրդի իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու գործընթացների մասին է, և երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել ներքև և բացատրություն տալ, նաև իր գործողությունները բացատրել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի և մի խումբ պատգամավորների հանդեպ քրեական գործ հարուցելու գործընթաց իրականացրել է, թե՞ ոչ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նաև իրենց անտարբերության և անպատասխանատվության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որն արժանացավ նաև ոստիկանության բիրտ, կոպիտ, ապօրինի գործողություններին։
Արդյունքում՝ մենք այդ օրն ունեցել ենք 14 բերման ենթարկվածներ, ունենք արդեն քաղբանտարկյալ, և այսքանից հետո` հիմա փորձել նորից ներգրավել մեզ այս գործընթացի մեջ, սա նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակում է իրականացվել»։
Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ծանուցումը տալու ժամկետը չի փոխում հարցի էությունը․
«Մենք ասում ենք՝ քաղաքական հետապնդում է, ակնհայտ, և որևէ մեկը՝ կլինեն դատախազության պատասխանատուներ թե ովքեր, չեն կարող թաքցնել սա։
Բայց սա որևէ ձևով չի կասեցնելու նաև պայքարը, ուզում եմ վստահաբար ասել բոլորին, որովհետև խոսքն այս կամ այն անձի զուտ իրավունքի ապահովման մասին չէ, խոսքը հայրենիքի փրկության դուրս եկած մարդկանց պայքարը ջարդելու, ընթացքը կասեցնելու մասին է, որը վստահաբար չի հաջողվում․ ավելի լավ՝ իրենք գիտակցեն, հասկանան, որ ինչքան շուտ կանգնեն արժանապատիվ քաղաքացու, հայի կողքին, պետականության կողքին, այլ ոչ թե ծառայեն՝ հայրենիքը դավաճանածի, հայրենիքը հանձնածի, բազմաթիվ պետական հանցագործությունների համար ապագայում մեղադրվող և դատապարտվող անձի կողքին»։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը գրառում էր կատարել, որ Երևան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել դաշնակցական 5 գործիչների։ Նրա խոսքով՝ դա արվել է այն բանից հետո, երբ ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, «որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ»։
Գալստյանի խոսքով՝ դրանից հետո հարցաքննության են կանչվել «ՀՅԴ անկյունաքարային դեմքերը»՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։