
Բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահն Օլիմպիական խաղերի 4-5 նոր ուղեգրերի հույս ունի

Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի 4-5 նոր ուղեգրերի հույս ունի:
«Ես գոհ եմ ընտրությունների արդյունքից: Սա բռնցքամարտի միասնակությունը ապացուցող ընտրություն էր: Այսուհետև միասին համախմբված ենք աշխատելու բռնցքամարտը մեր երկրում զարգացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը: Խոսելով նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում հնարավոր ուղեգրերի մասին՝ վերջնս շեշտեց, որ ինքը դեռևս 4-5 քվոտայի հույս ունի:
Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:
Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: