«Նոր Ղազանչիի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանական զինուժը վերադարձել է նախկին զբաղեցրած դիրքերը». Նոր Ղազանչիի համայնքապետ

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։

Ապրիլի 28-ին թշնամին կրկին դիմել է նույն քայլին՝ թողնելով իր դիրքերը՝ առաջ է եկել դեպի հայկական դիրքեր։

168.amի հետ զրույցում Նոր Ղազանչիի համայնքապետ Ռուսլան Առստամյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը կրկին հետ է գնացել։

«Գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանական զինուժը հետ է վերադարձել նախկին զբաղեցրած դիրքերը, երեկ է հետ գնացել, դրանից հետո ամեն ինչ հանդարտ է»,- ասաց Ռուսլան Առստամյանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների հրամանատարն ու հայկական կողմի ներկայացուցիչն են բանակցել, չգիտի, թե ադրբեջանցիներն իրենց առաջ գալն ինչպես են բացատրել, քանի որ այդ բանակցություններին չի մասնակցել։

«Բանակցություններին ներկա չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինչ են խոսել։ Ես հույս ունեմ, որ այսուհետև թշնամին նման խախտումների չի գնա։ Նախկինում նման բան չէր արել, վերջին շրջանում երկու անգամ դիմեց նման քայլի, հուսանք՝ սա վերջինն էր»,- եզրափակեց Ռուսլան Առստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս