«Իմ խոսելով՝ ես իմ կուսակցությանը ոչ թե վնաս եմ տալիս, այլ օգուտ, որովհետև թերացումներ կան». Սասուն Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի այն հայտարարությանը, թե՝ «մեկը լինի՝ Սասուն Միքայելյանի կողքին կանգնի»։

Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը այցելել էր Սյունիք և հայտարարել էր, թե ԵԿՄ-ն Սյունիքի կողքին է։

«Այս պատերազմի ժամանակահատվածում ինձ հետ 4 հազար մարդ է մասնակցել, և ԵԿՄ-ն 12 հազար անդամ ունի, ինքը թող չմտածի, թե ով իմ կողքին կկանգնի»,- նշեց նա։

Հարցին՝ «Իմ քայլի» ցուցակում կլինի՞, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ երբ լինեն ընտրություններ, այդ ժամանակ էլ կիմանա։

«Հիմա այս իրավիճակում ամենաճիշտ բանն ընտրությունների գնալն է, սա ասում եմ՝ որպես ընկեր, հարազատ, պահեր կա, որ մենք պետք է սթափվենք, այսօր ամենաճիշտն ընտրության գնալն է։ Եթե ժողովուրդն այս իշխանությանն ընտրի, թող ընտրի, եթե չէ, պետք է թողնենք գնանք, այ ձեր ցավը տանեմ, դա ի՞նչ մի մեծ խնդիր է։ Այսօր այս ամենը ժողովրդի դատին է դրվել, ժողովուրդը պետք է որոշի»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ պատերազմից հետո Արցախ գնացե՞լ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի գնացել, Սասուն Միքայելյանը վրդովվեց, լրագրողին կոչ արեց գալ մարդկային դաշտ, ընդգծելով, որ այս ընթացքում իր քայլերն այնպես է արել, որ վնաս չտա ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ բանակին։

«Եթե Շուշիից ու Հադրութից ենք խոսում, 30 տարի մենք… եթե պարզ ենք խոսում, նախորդ իշխանությունները կարող էին իրենց գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին, պլյուս, որ իրենք միշտ ասել են, որ բանակցային փուլով այդ հարցը չի լուծվելու։ Կա՛մ պետք է ոչ բանակցային փուլով լուծեին ու դնեին ժողովրդի դատին, կա՛մ էլ պատրաստվեին պատերազմի։

Ես պատերազմ անցած մարդ եմ, արդեն երրորդ պատերազմն եմ անցել, և այն, ինչ կա, եթե մենք չբարձրաձայնենք ու վաղը կանգնենք պրոբլեմների առաջ, մենք նորից շատ վատ բաների առաջ կկանգնենք։ Իմ խոսելով՝ ես իմ կուսակցությանը ոչ թե վնաս եմ տալիս, այլ օգուտ, որովհետև թերացումներ կան, որ պետք է կարգավորվեն»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայության ժամկետները կրճատել և հինգ տարին մեկ եռամսյա հավաքներ անցկացնել, Սասուն Միքայելյանը որևէ բան չասաց, միայն դիմելով լրագրողին՝ խորհուրդ տվեց. «Վերջացրեք»։

Տեսանյութեր

Լրահոս