«Տիրան Խաչատրյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի» գործով՝ դատարանը պահանջեց ներկայացնել «գաղտնի փաստաթուղթ» հանդիսացող ՊՆ միջնորդությունը

Վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց «Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նախնական նիստը: Այս գործով ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, ըստ որի՝ ինքը՝ որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ազատվել է պաշտոնից։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին  աշխատանքից  ազատելու  առաջարկություն ներկայացնելուն նախորդել էր  Փաշինյանի հարցազրույցն «Իսկանդեր« հրթիռային հարձակվողական համակարգի մասին: Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին, ու ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է.- խմբ.), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է.- խմբ.)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը նախ ներկայացրեց հայցի հիմքերը: Ըստ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչների՝ հայցի հիմքում դրված են անձի՝ լսված լինելու իրավունքի խախտումը և խտրական վերաբերմունքը:

Հայցվոր կողմի դիտակմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրության 123 հոդվածի 3-րդ կետով ամրագրված իր լիազորությունները, չի ապահովվել Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը: Ի դեպ, ՀՀ սահմանադրության 123 հոդվածը վերաբերում է Հանրապետության նախագահի կարգավիճակին և գործառույթներին, իսկ երրորդ կետում ամրագրված է,  որ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Տիրան Խաչատրյանի   ներկայացուցիչների մեկնաբանությամբ՝ իրենց վստահորդի  լսված լինելու իրավունքի խախտումները դրսևորվում են այն հանգամանքներում, որ Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու վարչապետի առաջարկության, նախագահի հրամանագրի նախագծին, ինչպես նաև պետական լիազոր մարմնի համապատասխան միջնորդությանը:

Անդրադառնալյով հայցի երկրորդ հիմքին՝ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչները հղում կատարեցին Սահմանադրության 29, 57 հոդվածներին, Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին, 3-րդ հոդվածի 1-ին մասին, 3 Հոդվածին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին, նշեցին, որ  դրսևորվել է խտրականություն Տիրան Խաչատրյանի նկատմամբ:

«Նույնիսկ եթե Տիրան Խաչատրյանին ՀՀ ԶՈՒ ԳԽՇ պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման հիմքում դրվել է YerevanToday-ում հրապարակված մի հոդված, ապա այստեղ ևս ունենք հետևյալ խնդիրը, որ զինծառայողները՝ որպես այդպիսին, ունեն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ, այսինքն՝ կարծիքի արտահայտման ազատություն, տեսակետ, հայեցակետ արտահայտելու ազատություն: Եվ, բնականաբար, երբ որ մի հոդվածով պայմանավորված անձն ազատվում է կոնկրետ որևիցե մի պաշտոնից, հետևաբար՝ այս դեպքում դրսևորվում է անձի գործնական հատկանիշների հետ չկապված խտրականություն»,- դատարանում հայտնեց Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը:

Գործով պատասխանող կողմի ներկայացուցիչները դատական նիստին ներկա չէին: Ներկա չէր նաև գործով ներգրավված 3-րդ կողմերից մեկը՝ Գլխավոր շտաբը:

Գործում ներգրավված մյուս 3-րդ կողմի՝ վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը, անդրադառնալով հայցի հիմքերին, նշեց, թե նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը վարչական կետ չէ, նախագահի հրամանագրի՝ Սահմանադրությանը հակասելու փաստը առարկայազուրկ է, և, որ այդ գործին վերաբերելի է  ոչ թե Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը, այլ զինվորական ծառայության մասին օրենքը:

«Գտնում ենք, որ տվյալ գործով հանրապետության նախագահի հրամանագիրը չի կարող որակվել՝ որպես վարչական ակտ, քանի որ բացակայում է հատկանիշներից մեկը, իսկ դրանցից մեկի բացակայությունը  բավարար է այն վարչական ակտ չորակելու համար: Բացակայում է արտաքին ներգործության հատկանիշը, քանի որ առկա են ենթակայական և աշխատանքային հարաբերություններ»,- նշեց վարչապետի ներկայացուցիչը:

Ըստ 3-րդ կողմի ներկայացուցչի՝ գործին վերաբերելի օրենքի՝ զինվորական ծառայության օրենքի խախտում, որպես այդպիսին, գոյություն չունի, ընթացակարգը ամբողջությամբ պահպանված է:

Անդրադառնալով հայցվոր կողմի պնդմանը, թե Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու գործընթացում բացակայում է պետական լիազոր մարմնի՝ այս դեպքում՝ ԳՇ-ի միջնորդությունը, 3-րդ կողմի ներկայացուցիչը հայտնեց.

«Միջնորդությունն առկա է, պարզապես օրենքով պահպանվող գաղտնիք է պարունակում: Միջնորդությունը ներկայացվել է  հանրապետության նախագահին: Այս մասով որևէ խախտում առկա չէ»:

Ըստ 3-րդ կողմի՝ պետական լիազոր մարմին այս դեպքում պետք է դիտարկել ոչ թե ԳՇ-ին, այլ ՊՆ-ին: Ի վերջո, նիստի ընթացքում հայցվոր կողմը փոփոխություն արեց իր հայցում և որպես պետական լիազոր մարմին՝ նշեց Պաշտպանության նախարարությանը:

Դատարանը նաև պահանջեց, որպեսզի 3-րդ կողմի ներկայացուցիչը դատարանին ներկայացնի ՊՆ միջնորդությունը, որը, ըստ նրանց, գաղտնի փաստաթուղթ է: Դատարանը պահանջեց նաև ներկայացնել համապատասխան հիմնավորումները, թե ինչու է դա հանդիսանում պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ:

Դատական այս նիստի ընթացքում դատարանն անդրադարձավ նաև հայցվոր կողմի միջնորդությանը՝ 26.02.2021թ.-ի և 15.03.2021թ.-ի որոշումների հիմքով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին որպես երկրորդ պատասխանող ներգրավվելու հարցին:

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 26-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդունել էր հրաման՝ հիմք ընդունելով հանրապետության նախագահի հրամանագիրը, հրամայել էր Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ: Ապա արդեն  մարտի 15-ին ընդունել է մեկ այլ հրաման, որով ետ էր կանչել Տիրան Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել էր  անձնակազմի ցուցակներից  հանել Տիրան Խաչատրյանի անունը:

Չնայած վարչապետի ներկայացուցչի պնդմանը, որ այդ որոշումները չեն կարող հանդիսանալ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանից բխող ակտ, դատարանը որոշեց հայցի քննության փուլում քննել նաև պաշտպանության նախարարի 26.02.2021թ.-ի և 15.03.2021թ. հրամանները վերացնելու պահանջները, իսկ Պաշտպանության նախարարությանը ներգրավել՝ որպես 3-րդ անձ:

Դատարանը գտավ ևս մեկ նախնական դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն, որի օրվա ու ժամի մասին կողմերը կտեղեկացվեն առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս