
Լարիսա Ալավերդյանին ու ամուսնուն հրավիրել են ԱԱԾ․ ո՞ր գործով՝ անհայտ է

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և ամուսինը՝ Ռաֆայել Արամյանը, օրերս կանչվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։
168.am-ի հետ զրույցում Ալավերդյանը մեջբերեց ԱԱԾ ձևակերպումը, թե ինչու են հրավիրում․ «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու կամ փոխադրելու, պահելու, պետական գործչի սպանություն նախապատրաստելու, իշխանության յուրացում նախապատրաստելու դեպքերի առթիվ, ՀՀ Քր․ Օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասի, 35-300-րդ հոդվածի առաջին մասի, 35-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող թիվ 582-318-20 Քրեական գործով, Դուք՝ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 174․1, 174.3 հոդվածների, 2021 թ․ ապրիլի 19-ին՝ ժամը 10-ին հարցաքննության եք կանչվում ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ՝ ավագ քննիչ Լ․ Թաթոյանի մոտ»։
Իրավապաշտպանը նշեց, որ նամակը փոստով չի առաքվել, և իրենք վերցրել են ուշացումով՝ ապրիլի 23-ին․ «Մեկ էլ բացել, կարդում եմ՝ զարմանում եմ, էլի»։
Լարիսա Ալավերդյանը նշեց՝ անգամ չգիտի, թե ում գործով է ինքը հրավիրվել հարցաքննության։