Պատահական չէ, որ ամենաազդեցիկ պետությունների դեսպանները հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ․ ՀՀԿ-ն կարևոր ռեսուրս է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտի կենսունակությունը կախված է նրանից, թե որքան են կայացած ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված տվյալ երկրի քաղաքական հիմնական դերակատարները՝ մասնավորապես կուսակցությունները։ Ու այս հարցում մեծ կարևորություն է ստանում ոչ միայն կուսակցությունների գաղափարախոսական կողմը, այլ նաև ներքին ռեսուրսների տիրապետման, համախմբման և կիրառման հարցը։ Որքան մեծ քաղաքական ներուժի է կուսակցությունը տիրապետում, այնքան լայն հասարակական շերտերի այն կարող է իր քաղաքական ուղեծրում ընդգրկել։
Այսօր մեր քաղաքական դաշտում հին ու նորաստեղծ կուսակցությունների պակաս չկա, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մատների վրա կարելի է հաշվել այն կուսակցություններին, որոնք լուրջ արտաքին ռեսուրս և դրսի կառույցների հետ աշխատանքի փորձ ունեն։ Իսկ դա այսօր պակաս կարևոր չէ, քան կուսակցականների քանակը կամ բարձր բղավելու ունակությունը: Այս առումով հատկանշական է Հանրապետական կուսակցության օրինակը, որը տարիներ շարունակ մեծ տեղ է հատկացրել իր արտաքին կապերի զարգացմանը և պահպանմանը։
Ուստի պատահական չէ, որ տարբեր երկրների՝ այդ թվում և ամենաազդեցիկ պետությունների դեսպանները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, մեր տեղեկություններով, այդ հանդիպումները բավականին շատ են, սակայն դրանց միայն մի մասն է լուսաբանվում։
Օրինակ՝ վերջերս ՀՀԿ-ի շենքում տեղի էր ունեցել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ժամանակ քննարկվել էին ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցեր։
Այսպիսի հանդիպումները առանցքային նշանակություն ունեն, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի համար թերևս ամենակարևորն է։
Օրերս էլ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և հատկանշական է, որ հանդիպման ընթացքում դեսպան Ֆանը հատուկ ընդգծել էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստ է շարունակել միջկուսակցական համագործակցության ամրապնդումը։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել, որ ՀՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի միջև հարաբերությունները նոր չեն ու տասնամյակների պատմություն ունեն։
Չինաստանի դեսպանները պարբերաբար հյուրընկալվել են ՀՀԿ գրասենյակում և մասնակցել կուսակցության համագումարներին։ Բացի դրանից, ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որը Չինաստանի Կոմկուսի հետ համագործակցության հուշագիր ունի։ Չենք կարող հաշվի չառնել, որ ՉԿԿ-ն հսկայական ազդեցություն ունի Չինաստանի կողմից վարվող քաղաքականության վրա, քանի որ երկիրը կառավարվում է այս կուսակցության միջոցով, իսկ վերջին տարիներին տնտեսական հզորացմանը զուգահեռ աճում է Չինաստանի գլոբալ դերակատարությունը տարբեր ուղղություններով՝ այդ թվում և մեր տարածաշրջանում։
Հանրապետականը համագործակցության մեծ փորձ ունի նաև եվրոպական տարբեր կառույցների հետ տարվող աշխատանքի տեսանկյունից, իսկ եվրոպական քաղաքական միավորումները մեծ ազդեցություն ունեն ԵՄ-ի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության և հարևանության հետ տարվող քաղաքական ուղեգծի կառուցման համատեքստում, ինչի ներազդեցությունը կրում է նաև Հայաստանը։
Ի դեպ, նաև ՀՀԿ-ի ունեցած կապերի արդյունքում է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ եվրոպական տարբեր քաղաքական միավորներ՝ ներառյալ եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, ու եվրոպական տարբեր պատգամավորներ իրենց համերաշխությունն էին հայտնում, ճանաչում և դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը։
Նույնը կարող ենք ասել նաև այս ընտանիքի կողմից հայ ռազմագերիների հարցով բարձրաձայնումների ու Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականների առումով: Ուստի ՀՀԿ-ն կարևոր ռեսուրս է ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության տեսանկյունից, և դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ նման միջազգայնացված ռեսուրս դժվար թե երկրում մեկ այլ կուսակցություն ունենա։
Այսինքն՝ ՀՀԿ-ն պետությունից դուրս, ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող կառույց է, իսկ դրա հետ դժվար է հաշվի չնստելը, քանի որ այդ կապերը երկրի շահերի տեսանկյունից լուրջ գործոն են, և որտեղ որ ԱԳՆ-ի ձեռքերը չեն հասնում, այդտեղ օգնության կարող է հասնել ասիմետրիկ միջազգային համագործակցությունը»։