Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի դիտորդները նշել են ուժի կիրառումը Ալբանիայի ընտրություններում

Ալբանիայի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում նշվել են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործում, բռնության դեպքեր, բայց կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ անցել է հաջողությամբ: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները։

Ապրիլի 25-ին Ալբանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: 140-տեղանոց խորհրդարանի աթոռներին հավակնում էր կուսակցությունների եւ կոալիցիաների 12 դաշինք: Ձայնի իրավունք ուներ 3,6 միլիոն քաղաքացի:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է շուրջ 48 տոկոս, կամարտահայտումն անցել է առանց լուրջ միջադեպերի:

Ալբանական ԶԼՄ-ները հաղորդել են ընտրատեղամասերում քվեաթերթիկների լուսանկարման, քարոզչության փորձերի եւ ընդհարումների մասին:

ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, 5199 ընտրատեղամասերից 4910-ում կառավարող Սոցիալիստական կուսակցությունը առաջատարն է ձայների 48,67 տոկոսով, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն ստացել է ձայների 39,41 տոկոսը:

«Չնայած COVID-19-ի համավարակին եւ այն փաստին, որ արտասահմանում քվեարկություն չի անցկացվել, քվեարկությանը մասնակցել են Ալբանիայի մեծաթիվ քաղաքացիներ»,-մամուլի ասուլիսում հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ազայ Գուլիեւը: Նա հայտնել է, որ Տիրանայի երկու տասնյակ ընտրատեղամասերում կիրառվել է էլեկտրոնային քվեարկության եւ ձայների հաշվման համակարգ, իսկ ամբողջ երկրում առաջին անգամ գործարկել են ընտրողների էլեկտրոնային նույնականացման համակարգ եւ, «չնայած առանձին շրջաններում առկա դժվարություններին, համակարգն իրեն արդյունավետ է դրսեւորել»:

«Բռնության միջադեպերը, որոնք նախորդել էին կիրակնօրյա քվեարկությանը եւ Էլբասանում հանգեցրել են մեկ մարդու սպանության եւ հինգ մարդու վիրավորվելու, պետք է հետաքննվեն»,-ընդգծել է Գուլիեւը: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ լեհ սենատոր Ալեքսանդր Պոչեյը հայտարարել է, որ կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ անցել է հաջողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս