«Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
«Արամ Աշոտովիչն այսօր գրել է ամոթի, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին: Նա միանգամայն իրավացի է իր զարմանքի և վրդովմունքի առումով. նորմալ ընտանիքում դաստիարակված նորմալ մարդն ամոթ է զգում կատարվողի համար:
2018-ին կարևոր էր ցույց տալ, որ անթույլատրելի որևէ բան չի մնացել: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահասներին բողոքի ակցիաներին տանելը, աղանդավորների աջակցությունն օգտագործելը, հակառակորդների տների մոտ դագաղներ դնելը, ատելության և բռնության խոսքի օգտագործումը, պատերազմում տարած հաղթանակների մասին ստելը, հերոսների գերեզմանները տրորելը, զոհվածների և գերիների ընտանիքներին ստելը, պատերազմի համար համայն հայության հավաքած միջոցները պաշտոնատար անձանց պարգևավճարների համար ծախսելն ընդունելի լինեին: Այլ կերպ ասած, որպեսզի հեղափոխականները չամաչեին իրենց հանցագործությունների համար:
Եվ նրանք չեն ամաչում: Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց: Ամոթը բացառվում է հանրային քննարկումներից՝ ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու նպատակով: Որպեսզի սրիկաներն ու հանցագործները հոգեբանական անհարմարություն չզգան:
Այս ամենաթողության հետևանքը դարձել է այն, որ մենք՝ հասարակությունը, չամաչեցինք մահից, մեր հայրենիքի վաճառքից: Մենք կորցրել ենք ամոթը պատմության առաջ:
Սենեկան ասում էր, որ ամոթն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները: Ես սրան ավելացնելու ոչինչ չունեմ»:
Ստորև ներկայացնում ենք «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովի այն գրառումը, որին անդրադարձել է Միաքայել Մինասյանը:
«Տեսա Սյունիքի պուրակում Իլհամ Ալիևի լուսանկարը և մտածեցի՝ հետաքրքիր է, չէ՞ որ այս լուսանկարը տեսել են Փաշինյանը, նրա կինը, այդ ամբողջ «Իմ քայլ»-ը: Արդյոք նրանց սիրտը չի՞ ճմլվել այդ պահին, մի՞թե նրանք ամոթահար չեն եղել բոլոր այդ խայտառակ Ալենները, Անդրանիկները և նրանց նմանների խումբը»: