Գերմանիայում վեց հիվանդի ֆիզլուծույթ են ներարկել BioNTech-ի պատվաստանյութի փոխարեն
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողում ոստիկանությունը հետքննություն է սկսել գերմանական Կարմիր խաչի աշխատակցուհու նկատմամբ, որը պատվաստման կենտրոնում աշխատելիս BioNTech ընկերության պատվաստանյութը փոխարինել է ֆիզլուծույթով:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահների հաղորդագրությանը, կինը, որը պետք է նախապատրաստեր ներարկիչները պատվաստման համար, ապրիլի 21-ին փոխարինել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սովորական ֆիզլուծույթով: Խոսքը վեց դեպքի մասին է:
Իր այդ արարքն աշխատակցուհին բացատրել է նրանով, որ չի ցանկացել տեղյակ պահել պատվաստանյութի սրվակի ընկնելու մասին:
Պատվաստանյութի փոխարեն ֆիզլուծույթ ստացած հիվանդների կյանքին ոչինչ չի սպառնում: Ներկա պահին փորձում են պարզել, թե չորեքշաբթի պատվաստվածներից ով դեղամիջոց չի ստացել: