
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դոնիոր Իսլամովին։
Գալստյանը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ անցկացրեց ու ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության հասավ մոլդովացի ըմբիշի նկատմամբ։
Սլավիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեի Մասիկի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը նույն՝ 9-0 հաշվով հաղթել էր Էդգարաս Վենցկաիտիսին Լիտվայից։ Կիսաեզրափակչում Գալստյանը ցավալի պարտություն էր կրել լեհ Մաթեուս Բերնատեկի հետ գոտեմարտում՝ 5-4 հաշվով։