Բաժիններ՝

Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից

Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Անձանձրույթ աղոթքը միանշանակ աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ:

Շատ հաճախ ենք լսում ու ականատես լինում պատմությունների, երբ ասում են՝ աղոթքով անցա ու հաղթահարեցի այդ բարդ ճանապարհը։ Խոսքը Աղոթքի աստվածային զորության մասին է միանշանակ, երբ մարդը մաքրում է իր սիրտը չարից և ազատվում ամեն տեսակ վատ մտքերից։

Երբեմն փորձում ենք հասկանալ ու զգալ աղոթքի դերն ու նշանակությունը մեր կյանքում, բայց կյանքի դժվարությունների մեջ մեր աղոթքը հաճախ չի տարբերվում հոգսաշատ կյանքի ապրումներից: Ահա՛, թե ինչու երբեմն մեր աղոթքը թվում է վերացական, անհասկանալի, անհաղորդ ու ձանձրալի:

Երբեմն էլ մեր ներսում բնակվող հպարտությունը թույլ չի տալիս տեսնել աստվածային խորհուրդների իմաստը: Ուստի, քանի դեռ ինքնակենտրոն ենք ու մեր աղոթքը բխում է մեր եսասիրության շահերից, հնարավոր չի լինի հասնել հոգևոր հաղորդակցության։

Աղոթքի մեջ շատ կարևոր է ուշադրությունը․

Աղոթքի պահին միտքը չպետք է դեգերի այս ու այն կողմ, այլ ուղղորդված լինի առ Աստված, որպեսզի հոգին լցվի խաղաղությամբ ու հանգստությամբ: Մենք աղոթում ենք ոչ միայն խոսքով, այլ մտքով, հոգով ու սրտով։ Միտքը պետք է պարզ տեսնի և հասկանա, թե ինչ են արտահայտում խոսքերը, իսկ սիրտը պիտի զգա, թե այդ ժամանակ ինչ է խորհում միտքը:

«Երբ աղոթում ես, և միտքդ շեղվում է, ապա ջանա նույն աղոթքը կրկնել այնքան ժամանակ, քանի դեռ առանց մտացրիվության չես աղոթել: Եվ աշխատիր միտքդ արթուն պահել, որպեսզի չշեղվես: Եթե այս մտացրիվ վիճակը երկար տևի, ապա գոնե աղոթքի վերջում հանդիմանիր ինքդ քեզ և թախանձագին խնդրիր, ասելով. «Տեր Աստված, ողորմիր ինձ և ներիր իմ բոլոր մեղքերը»: Եվ աղոթքի ժամանակ գործած բոլոր մեղքերիդ և մտացրիվությանդ համար թողություն կստանաս»։ Ահա՛, այսպիսի խորհուրդ է տալիս Բարսիլիսկոս Մեծը բոլոր նրանց, ովքեր դժվարանում են կենտրոնանալ աղոթքի ժամանակ։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս