«Մենք վերափոխում ենք նախագիծը»․ Սուպերլիգան պաշտոնապես դադարեցված է
Եվրոպական Սուպերլիգայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել նախագծից անգլիական ակումբների դուրս գալուց հետո:
«Եվրոպայի Սուպերլիգան համոզված է, որ եվրոպական ֆուտբոլում առկա իրավիճակը փոփոխություն է պահանջում:
Մենք առաջարկում ենք նոր մրցաշար, քանի որ ներկայիս համակարգը չի գործում: Մեր առաջարկը նպատակ ունի ապահովել այդ մարզաձևի զարգացումը՝ միաժամանակ ապահովելով ռեսուրսներ և կայունություն ֆուտբոլային ամբողջ բուրգի զարգացման համար՝ ներառյալ ամբողջ ֆուտբոլային համայնքին օգնելը՝ համաճարակի համատեքստում ֆինանսական դժվարությունների առաջ: Բացի այդ, բոլոր ֆուտբոլային խմբերը կստանան ավելացված համերաշխության վճարներ:
Չնայած անգլիական ակումբների դուրսբերմանը, որոնք ճնշման տակ ստիպված էին դա անել, մենք վստահ ենք, որ մեր առաջարկը լիովին համապատասխանում է Եվրոպայի օրենքներին և կանոնակարգերին, ինչը հաստատվեց Սուպերլիգան երրորդ կողմերի գործողություններից պաշտպանելու դատարանի որոշմամբ:
Ստեղծված պայմաններում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք նախագիծը վերափոխելու համար՝ չհրաժարվելով երկրպագուներին լավագույն փորձով ապահովելու մեր նպատակներից, և միևնույն ժամանակ՝ ավելացնելով ֆուտբոլային համայնքին համերաշխության վճարները»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց երկու օր առաջ: Հիմնադիր ակումբներն էին՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», «Յուվենթուսը», «Ինտերը» և «Միլանը»:
Ավելի վաղ Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը»:Այսօր նախագծից հրաժարվեցին նաև «Ատլետիկո» Մադրիդը և «Ինտերը»։
Սիրարփի Աղաբաբյան