«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ ցերեկով չմտավ գյուղ»․ Շուռնուխ համայնքի ղեկավարը և Փաշինյանին հյուրընկալած ընտանիքը՝ երեկվա այցի մասին
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեցին չհրապարակված դեմարկացիայի աշխատանքները: Այս սահմանազատումների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք գյուղեր հայտնվեցին հենց թշնամու թիրախում: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով տեղի ունեցողին՝ դեռ դեկտեմբեր ամսին կառավարության նիստում հարկ էր համարել նշել․
«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Եվ այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից:
Իհարկե, այնտեղ կարող են… երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։
«Ցավոտ իրավիճակները», ցավոք, չուշացան. դեկտեմբերի 28-ին Կապան-Գորիս միջպետական ճանապարհին հայտնվեց «Բարի Գալուստ Ադրբեջան» ցուցանակը, հետո նաև ադրբեջանցիները՝ «էս սարն իմն է, էս ձորն իմն է» պահանջով:
Նրանց ցանկությունների սահմաններն էլ գծվեցին GPS համակարգով, որի հետևանքով այս գյուղերից անգամ թաղամասեր անցան Ադրբեջանին, ու արդեն հայտնվեցին ադրբեջանական նոր ցուցանակներ:
Սյունեցիները, որոնք այս պատերազմի հետևանքով բախվել են լուրջ անվտանգային խնդիրների (նկատենք՝ Սյունիքի շուրջ չի դադարում բացահայտ նկրտումներ դրսևորել թուրք-ադրբեջանական տանդեմը) մեկ անգամ չէ, որ երկրի ղեկավարությանը մեղադրել են անգործության մեջ․ թերևս, հենց այս պատճառով է, որ պատերազմից մեկ ամիս անց նախօրոք հայտարարված Սյունիք մարզային այց կատարելիս Փաշինյանը մնաց կես ճանապարհին․ փակվեցին ճանապարհներ, տեղի ունեցան բողոքի ակցիաներ։
Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանը փորձել է ավարտին հասցնել դեպի Սյունիք իր կիսատ ճամփորդությունը՝ այս անգամ նախօրոք չհայտնելով այցի մասին՝ որոշ համայնքներ այցելելով երեկոյան ժամի։
Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, օրինակ, չի հասկանում, թե ինչու է երկրի վարչապետը համայնք եկել գիշերով․
«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ ցերեկով չմտավ գյուղ»։
Ի դեպ, համայնքի ղեկավարը չի տեղեկացվել այցի մասին և չի հանդիպել վարչապետին։
«Եթե ես երեք օր առաջ տեղեկացված լինեմ, որ այստեղ մարդ է գալիս՝ երկրի նախագահ է գալիս, ՄԻՊ-ն է գալիս, երկու օր նախապատրաստվում ենք, մեր ժողովուրդը տեղեկացված է լինում, որ ընդունեն, հարցուպատասխան լինի, և անկախ հարցերից, անկախ պատասխաններից՝ հանդիպումը կայանում է։
Ես պետք է տեղեկացված լինեի, որ երկրի վարչապետն է մտնում բնակավայր,- ասաց Հակոբ Արշակյանը՝ որոշ մանրամասներ հայտնելով նաև Ն․ Փաշինյանի այցից,- Երկու տուն է մտել․ մեքենայից իջել-գնացել, առաջին տունը մտել են, դուրս են եկել- մտել երկրորդ տունը, ընդամենը դա գիտեմ։
Եթե ինձ արհամարհում են, ինձ չեն ուզում տեսնել, ես գնամ, ասեմ՝ ես բարով ե՞մ եկել, կամ՝ բարով ե՞ք եկել»։
168.am–ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալած ընտանիքներից մեկը պատերազմից հետո Արցախից եկած և Շուռնուխում հաստատված Նվերի ընտանիքն է եղել։ Նվերը, պարզվեց, սակայն, որ երեկ գյուղում չի եղել և տեղյակ չէ այդ այցի մասին։
«Չգիտեմ, կուրսի չեմ, ես տուն չեմ խոսել»,- ասաց նա մեզ հետ զրույցում։