«Ես չգիտեմ՝ նա ինչու է եկել». Մեղրիի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց և Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ փորձ արեց գնալ Սյունիք և հանդիպել սյունեցիների հետ, սակայն այս անգամ էլ նրա այցը ձախողվեց, ինչպես ձախողվել էր նախորդ տարի դեկտեմբերին։
Չնայած Նիկոլ Փաշինյանը գաղտնի, ուժեղացված անվտանգության պայմաններում կարողացավ մտնել Սյունիք, սակայն սյունեցիները նրան դիմավորեցին «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ» վանկարկումներով՝ պահանջելով, որպեսզի վերջինս անհապաղ լքի մարզը։
168.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ իրականում չի կարողանում որևէ տրամաբանական բացատրություն գտնել Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերում, նույնիսկ այդ ուղղությամբ դադարել է մտածել։
«Ես չգիտեմ՝ նա ինչու է եկել, պաշտոնապես մեզ՝ համայնքապետարանին, տեղյակ չեն պահել։ Մեղրու տարածք մտնելուց անմիջապես հետո գնացել է Ագարակի զորամաս, հետո դուրս է եկել Ագարակ քաղաքում ժողովրդի մեջ, հետո ցանկացել է գերեզման գնալ, մնացածն էլ արդեն լրատվամիջոցներով տեսել եք։ Մենք փորձել ենք, որքան հնարավոր է՝ հանգստացնել ժողովրդին»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե 101 տարի անց իրենք վերադառնում են «պատմական Զանգեզուր», և եթե հայերը դրան չհամաձայնեն, ապա ուժով կհասնեն իրենց նպատակներին, Մխիթար Զաքարյանը նշեց, որ Սյունիքի ժողովրդի այսօրվա բորբոքվելու պատճառը, կարծում է, հենց դա է եղել։
«Կարծում եմ՝ ժողովրդի հարցադրումները հիմնականում եղել են այդ ուղղությամբ, սակայն իշխանությունից ադեկվատ պատասխան չեն ստացել, դրանից էլ բորբոքվել են։ Ինքս էլ՝ որպես Մեղրիի բնակիչ, անհանգստանում եմ, ցանկացած իշխանություն պարտավոր է հոդաբաշխ պատասխան տալու»,- հավելեց Մ. Զաքարյանը։
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ինքն է կազմակերպել ու ժողովրդին դուրս բերել Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ նախկին ՀՀԿ-ական է, Մխիթար Զաքարյանն ընդգծեց.
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ քայլ չեմ արել, որ ժողովրդին հանեմ փողոց։ Երեկվանից մտածում եմ՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ ինչ պատասխան տամ ժողովրդին, որ հանգստանան։ Ինքս՝ նախկին Հանրապետական լինելուց առաջ, թող անհամեստություն չլինի, բազմաթիվ այլ որակներ ունեմ։
Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, սովորել եմ բուհում, պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատել եմ, Ագարակ քաղաքի ղեկավար եմ եղել, հետո՝ Մեղրիի։
Ինչ վերաբերում է նախկին Հանրապետական լինելուն, ապա կարծում եմ, որ այդ ժամանակ ՀՀԿ անդամ լինելը նպաստել է իմ՝ ավելի արդյունավետ համայնքի ղեկավար աշխատելուն։ Ես ՀՀԿ-ական լինելս չեմ ժխտել և ոչ էլ ամաչում եմ»։