«Սրանով կարծես թե խրախուսվում է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ քաշած այն թեզը, որ Հայաստանին այլևս բանակ պետք չէ». Ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը վերաբերում էր բանակում ժամկետային ծառայության ժամկետների կրճատմանը՝ բավականին լղոզված էր։

«Ինքս այս հայտարարությունը դիտարկում եմ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որովհետև հետպատերազմյան ծանր հոգեբանական շրջանում ցանկացած ծնողի ականջին հաճելի է լսել, որ հնարավոր է՝ կրճատվի ծառայության ժամկետները։ Բոլորս լավ գիտենք, որ յուրաքանչյուր ծնող իր երեխայի կյանքի ու առողջության մասին է մտածում, սա կոնկրետ ընտրազանգվածի վրա աշխատելու մեթոդ է, այդպես եմ ես տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում  Փաշինյանն անդրադարձել էր ժամկետային զինծառայության ժամկետներին. «Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է նա:

Ըստ փորձագետի, այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է․

«Սրանով կարծես թե խրախուսվում է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ քաշած այն թեզը, որ Հայաստանին այլևս բանակ պետք չէ, ինչը կանաչ լույս է վառում, որպեսզի իրենք իրենց երազանքների նման թվացող հայտարարությունների համար պարարտ հող ստեղծեն Հայաստանում։ Ընդհանրապես այդ ամենը վտանգավոր է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելացրել են իրենց ռազմական ծախսերը, դրան զուգահեռ՝ նաև ավելացրել են Զինված ուժերում մարդկային ներգրավվածությունը։ Այս համատեքստում ՀՀ-ում նման գործընթաց սկսելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հայկական բանակի կազմաքանդում»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ եթե իսկապես Հայաստանում նման բան տեղի ունենա, ապա տեսանելի ապագայում՝ մի քանի տարի անց, արդեն կխոսվի ՀՀ գոյության վերացման մասին։

«Ըստ էության ստացվում է, որ մենք Իրաքյան Քրդստանի օրինակով ունենում ենք զինված խմբեր որոշակի քաղաքական շրջանակների շահերը սպասարկելու համար։ Այդպիսով՝ մենք մեր անվտանգությունն ամբողջությամբ հանձնում ենք Ադրբեջանին կամ Թուրքիային։ Եթե այդ համատեքստում դիտարկենք, որ Զինված ուժեր մեզ հարկավոր չեն, ապա նույն տրամաբանությամբ մեզ պետք չեն նաև ոստիկանական ուժեր, կարող ենք հաշվել, որ հանցագործներ չունենք մեր երկրում։ Այնպես որ, եթե նման բան լինի, ապա կարող ենք համարել, որ դա Հայաստանի կործանման սկիզբն է  և առհասարակ  այս տարածաշրջանում  հայերի ֆիզիկական անվտանգության իսպառ ոչնչացումը»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս