
Ուժեղ քամուց վնասվել է Հայանիստի 31 շենք, այդ թվում՝ դպրոց, բուժամբուլատորիա, մանկապարտեզ

Արարարտի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:
Հայանիստի համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վնասվել է նաև մանկապարտեզը:
«Արդեն արձանագրություն ենք կազմել և ուղարկել մարզպետարան»,- ասաց համայնքապետը:
Համայնքի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Հակոբյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց, որ ընդհանուր վնասվել է 31 շենք, այդ թվում՝ բուժամբուլատորիա, դպրոց, մանկապարտեզ: Բացի բնակելի 28 տներից՝ կա նաև ջերմոց:
«Դպրոցի ու բուժամբուլատորիայի շենքերը հին են, այնպես չէ, որ մանկապարտեզի շենքը նոր է, այն էլ վերանորոգման կարիք ունի: Մենք 31 արձանագրություն՝ կից գրությամբ, ուղարկել ենք մարզպետարան, քանի որ մեզնից պահանջել են վնասի և գումարի չափը: Հիմնականում վնասվել են տների տանիքները: Դպրոցի դեպքում էլ է տանիքը վնասվել, բայց մի կտոր թույլ կառուցված պատ էլ է փլուզվել: Այս ամենը տեղի է ունեցել ապրիլի 10-ի ուժեղ քամու հետևանքով»,- մանրամասնեց համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Ինչ վերաբերում է երեխաների՝ դպրոց հաճախելուն, աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ դասերը կազմակերպվում են երկու հերթով՝ անվնաս հատվածում: