Իրանի ԱԳՆ-ում պատմել են Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրի նախապատրաստման մասին
Թեհրանը եւ Մոսկվան աշխատում են համագործակցության նոր պայմանագրի վրա, որը կրելու է համապարփակ բնույթ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Ուղեւորության ընթացքում (ապրիլի 13-ին Թեհրան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի) պայմանավորվել են աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի վրա: Հենց որ տեքստը լինի, որը հնարավոր կլինի ստորագրել, փաստաթուղթը պարտադիր կստորագրվի»,-ասել է Խաթիբզադեն, հանդես գալով ճեպազրույցում, որը հրապարակվել է գերատեսչության Telegram-ալիքում: Նա ընդգծել է, որ ներկայում գործում է նախկին պայմանագիրը, որն ավտոմատ կերպով երկարացվել է մարտին:
Փետրվարին Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ-ն բաց է Իրանի հետ հարաբերությունների մասին նոր համաձայնագրի քննարկման համար: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխհարաբերությունների հիմքերի եւ համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Իրանի այն ժամանակվա նախագահ Մոհամադ Խաթամիի կողմից: Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, այն ավտոմատ կերպով երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը մյուսին նախքան համապատասխան ժամանակաշրջանի լրանալն առնվազն մեկ տարվա ընթացքում գրավոր ձեւով չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: