«Հայաստանի դաշնակցի պետական այրերին վիրավորելը իշխող թիմի կողմից չդատապարտվեց. ավելի լավ է՝ «Իմ քայլի» պատգամավորները ելույթ չունենան». Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ անկախ պատգամավորների նախաձեռնած՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայի վերաբերյալ քննարկում։
Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախ ներկայացրեց, թե որն է աշխատանքային քննարկում նախաձեռնելու պատճառը՝ հասկացել են, որ կոմունիկացիայի լուրջ խնդիր կա՝ կառավարության և գերիների հետ զբաղվող անձանց հետ:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանի դիտարկմամբ՝ գերիների հարցը բոլորի խնդիրն է, որը պահանջում է ռացիոնալ լուծում, որովհետև շատ են զգացմունքները, շահարկումները, ուստի տվյալ հարցի շուրջ ցանկացած շահարկում պետք է բացառել։
«Այս խնդրի լուծման համար մենք պետք է անենք վերլուծություն, որն անելու համար պետք է հասկանանք ընդհանուր տեղեկատվական դաշտը։ Վերջերս շատ ակտիվ սկսվել է մի գործընթաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից, նրանցից ոմանք հայտարարում են, որ՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ և խնդրեք, որ դեսպանն այդ հարցով դիմի ՌԴ նախագահին։ Կարծում եմ՝ սա անթույլատրելի է, որովհետև եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղորդել օտարերկրյա դեսպանի մոտ, որպեսզի նա էլ դիմի իր երկրի ղեկավարին, ըստ իս, նա կոմպետենտ չէ։ Ես նրանցից շատերին կարող եմ հարգել իր նեղ մասնագիտության համար, բայց որպես պատգամավոր՝ ինձ թվում է, ավելի լավ է նրանք ելույթ չունենան, որովհետև առաջին հերթին՝ նրանք կվնասեն իրենց քաղաքական թիմին»,- նշեց Բորիս Ավագյանը։
Նա նաև շեշտեց՝ եթե Հայաստանում գիտեն, որ իրենց երկիրն ունի դաշնակից, որն ամեն հարցում իրենց օգնում է, սակայն, որպես քաղաքական իշխող ուժ, թույլ են տալիս, որ պետական աշխատողները համարձակվեն և վիրավորեն այդ դաշնակցի պետական այրերին, ինչպես արել էր, օրինակ, Ավանի փոխթաղապետը, և այդ ամենը չքննադատվեց, ապա սա դժվարացնում է գործընթացը։
«Այն մարդիկ, որոնք իրենց բոլոր ջանքերը գործադրում են նրա համար, որ օգնեն մեզ՝ որպես մեր դաշնակից, ստանում են նման վերաբերմունք, և որևէ մեկը իշխող կուսակցությունից չհայտարարեց, որ այդ ամենն առնվազն անթույլատրելի է։ Պետք է դադարեցվի այն պրակտիկան, ըստ որի՝ ՀՀ պետական այրերի կողմից սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվում, որովհետև դա ստեղծում է մեծ խնդիրներ գրեթե բոլոր հարցերում»,- հավելեց նա։