Բաժիններ՝

Ինչո՞ւ են ոմանք հավատում, իսկ ոմանք՝ ոչ

Զատկին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Կրկնազատիկ: Այս կիրակի հիշատակվում է այն պատմությունը, համաձայն որի Քրիստոս Հարությունից հետո երկրորդ անգամ հայտնվեց Իր աշակերտներին և հատկապես դիմեց Թովմային, ով առաջին հայտնության ժամանակ վերնատանը չէր ու երբ առաքյալները տեղի ունեցածի մասին պատմեցին նրան, նա պատասխանեց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20.25):

Եվ Հիսուս կրկին հայտնվելով կանգնում է աշակերտների մեջտեղում և Թովմասին ասում .

-Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տես իմ ձեռքերը, և բեր քո ձեռքը և խրի՛ր իմ կողքի մեջ: Մի՛ եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ:

– Տե՛ր իմ և Աստված իմ,- գոչեց Թովմասը

Իսկ Հիսուս ասաց նրան.

-Դու հավատացիր, որովհետև տեսար ինձ, բայց որքան երանելի է այն մարդը, որ չի տեսել, սակայն հավատում է:

Ցավոք, թերահավատության նման օրինակը բավական արդիական է նաև մեր օրերում: Եվ առ այսօր նույնպես կան շատերը, որոնք ասում են. «Չեմ հավատում, քանի որ դա իմ գիտակցության մեջ չի տեղավորվում, կյանքի՝ ինձ հայտնի տրամաբանությանը չի համապատասխանում: Չեմ հավատում, քանի որ չեմ կարող ստուգել և ապացույցներ չունեմ»:

Սակայն այս ամենից ծնվում է մի մեծ հարց. ի վերջո ի՞նչ է հավատքը, և արդյոք կարո՞ղ է այն տեղավորվել բանական կամ տրամաբանական մտածողության մեջ:

Պողոս առաքյալն այս հարցին պատասխանում է . «Ի՞նչ է հավատքը, եթե ոչ՝ հուսացած բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11.1):

Հավատքը և գիտելիքը տարբեր ոլորտներ են, քանզի գիտելիքը հիմնված է մարդու փորձի ու տրամաբանության վրա: Ուստի, տեսանելի առարկան գիտելիքի առարկան է, այլ ոչ հավատքի: Իսկ հավատքն այն է, երբ համոզված ընդունում ես մի բանի գոյությունը, որը ենթակա չէ մեր ֆիզիկական զգայարանների ընկալմանը:

Իհարկե, մարդ կարող է տրամաբանորեն հանգել Աստծո գաղափարին, իր համար բացահայտել Արարչին, սակայն այս բացահայտումը դեռևս հավատք չէ: Այսպիսով՝ գիտակցության մեջ ծագած հավատքի գաղափարը պետք է մարդու մեջ արմատավորվի ոչ միայն բանականության մակարդակով, այլև սրտի մեջ: Ուրեմն, հավատքը նախևառաջ հոգևոր առանձնահատուկ վիճակ է, որը պատկանում է մարդու ներքին հոգևոր կյանքին և մարդկային սրտին:

Իսկ այժմ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ են ոմանք հավատում, իսկ ոմանք՝ ոչ: Եվ ոչ հավատացյալ մարդիկ հաճախ արդարանում են, թե այն իրենց «տրված չէ»: Բայց արդյո՞ք դա այդպես է: Իրականում հավատքը ծնվում է մարդու հետ, սակայն չափազանց կարևոր է դրա նկատմամբ ճշմարիտ մոտեցումն ու զարգացումը: Կարևոր է, թե մարդն ինչքան անկեղծ է այն շնորհների նկատմամաբ, որ իրեն տրված է Աստծուց: Գոյություն ունեն հավատքի զարգացման բարոյական որոշակի պայմաններ, որն առաջին հերթին մարդկային մտքի, հոգու և սրտի մաքրությունն է, քանզի Ավետարանն ասում է. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8):

 

Արմեն Չաքմիշյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս