«Ես չգիտեմ՝ Շուշին հանձնե՞լ են, թե՞ գրավել են՝ այնտեղ չեմ եղել». Իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, ռազմագետ, տնտեսագետ ու գյուղատնտես. նա կարող է միայն լինել այդ ամենի լավ ղեղավարը:

«Երբ Գլխավոր շտաբը հայտարարում էր, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարը ու բոլորս ենք այդ պատասխանատվությունը կրում: Օնիկ Գասպարյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, մենք մնանք, և այլն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե պատերազմում պարտության համար բոլորն են մեղավոր, օրինակ՝ հեռավոր գյուղի 60-ամյա տատիկի մեղավորությունը ո՞րն է, կամ այդ մեղավորների անունները ինչո՞ւ անուն առ անուն չեն ասում, ի վերջո, ում նկատի ունեն, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց, թե առաջին հերթին՝ ինքն իրեն նկատի ունի, քանի որ պատերազմի դաշտում է եղել:

«Ուղղակի ի վիճակի չեմ եղել իմ ջոկատով մինչև վերջ գնալու, որովհետև շատերը սպառվել էին, զինվորները շատ էին: Մեղավոր ենք, ես, դու, բոլորս: Երբ հրապարակից հայտարարում էին, թե հողերը հանձնել են, ոչ, մենք չենք հանձնել, մենք գնացել պահել ենք, չեկածներն են հանձնել, գուցե գային, ու այդ հողերը պահեինք»,- հավելեց նա:

168.amի հարցին՝ Շուշին թշնամին գրավե՞լ է, թե՞ հանձնել են, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես կխոսեմ այնտեղից, որտեղ եղել եմ, եղել եմ Լաչինում, Քարվաճառում: Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս