Ֆրանսիացիներին խորհուրդ են տվել լքել Պակիստանը
Պակիստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր բոլոր քաղաքացիներին և ընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել երկիրը՝ արմատական առաջնորդի ձերբակալման պատճառով երկրում Ֆրանսիայի դեմ բռնի բողոքի ցույցերից հետո, հայտնում է AP-ն:
Սաադ Ռիզվին ձերբակալվել էր երկուշաբթի օրը՝ կառավարությանը զանգվածային բողոքներով սպառնալու համար, եթե այն չվտարի Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարեթիին՝ իսլամի մարգարե Մուհամեդի նկարների հրապարակման համար:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ագնես ֆոն դեր Մյուլը հայտարարել է, որ Պակիստանում ապրում է Ֆրանսիայի 400-ից 500 քաղաքացի, և նրանք կկարողանան մեկնել կոմերցիոն թռիչքներով:
Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմադը հայտարարել է, որ Պակիստանում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիներն ապահով են: Նա հայտնել է, որ օպերացիա էր սկսել Ռիզվիի կողմնակիցների դեմ, երբ նրանք հրաժարվել էին խաղաղ կերպով դադարեցնել նստացույցը: Նա ասել է, որ պաշտոնապես հրապարակվել է կառավարության հրամանագիր, որով արգելվում է Ռիզվիի կուսակցությունը՝ հետագայում նման իրավիճակից խուսափելու համար։