Հայաստանին ուղղված խայթոց. Լուկաշենկոյի Բաքու կատարած այցը կարող է որոշակի լարվածության հանգեցնել Երևանի հետ հարաբերություններում. Независимая газета
Ռուսական Независимая Газета պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոյի` Բաքու կատարած երկօրյա այցին: Փորձագետները նշում են, որ Բելառուսի ղեկավարի համար, որի լեգիտիմությունը չեն ճանաչել աշխարհի առաջատար երկրները, այս այցը կարևոր հոգեբանական կողմ ուներ: Բացի այդ, սա գումար խնդրելու և ապրանքներ, այդ թվում ռազմական, վաճառելու հնարավորություն է:
Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու էր ժամանել երեքշաբթի երեկոյան:
Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի միջև պաշտոնական բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը: Պաշտոնական մասում ուշադրությունը կենտրոնացվել է «առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման և նոր բովանդակությամբ համագործակցությունը լրացնելու» հարցերի վրա:
Կողմերը նշել են ապրանքաշրջանառության 45% աճը, 2020 թվականին այն կազմել է 447,1 մլն դոլար: Սակայն վիճակագրության համաձայն, Բելառուսի համար առևտրի թռիչքը բացասական է: Ադրբեջանից նա 67 միլիոն դոլարով ավելի ապրանք է գնել, քան վաճառել է այս երկրին:
Պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում զենքի առևտրի վերաբերյալ տվյալները, բայց փորձագետները հաշվարկել են, որ նախորդ տարի Մինսկը կարող էր Բաքվին 30 միլիոն դոլարի զինամթերք վաճառած լինել: Այնուամենայնիվ, անցյալ տարվա աշնանն Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում էր, որ վերջին 6 ամսվա ընթացքում ինքը Բաքվին ոչ մի զենք չի մատակարարել: Ավելի վաղ, ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի, երկրների միջև ռազմական համագործակցությունը բավականին ակտիվ էր: 2005 թվականից Բելառուսից Ադրբեջանին են մատակարարվում Տ-72 տանկեր, ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներ, «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր, «Գիացինտ-B» և Դ-30 հաուբիցներ, Տ38 «Ստիլետ» հակաօդային պաշտպանության համակարգերի մարտկոցներ և լեգենդար «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը:
Տեղի դիտորդները ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին: «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու ճանապարհին: Ես շատ ուրախ եմ, որ Դուք, որպես բելառուս ժողովրդի իրական ընկեր, հասկանում եք, որ առջևում դեռ շատ աշխատանք կա: Ծանր աշխատանք, խաղաղ աշխատանք` վերադարձված տարածքներում կյանքը վերականգնելու համար: Եվ Դուք պետք է իմանաք, որ Ձեր հուսալի ընկերները Բելառուսում են»,-ասել է Լուկաշենկոն և օգնություն առաջարկել «վերադարձված» տարածքները վերականգնելու հարցում:
Ավելին, նա շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին «այս բարդ հակամարտության» ավարտի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանք «կթեքեն էջը» և կշարունակեն խաղաղ ապրել:
«Ադրբեջանին ուղղված շնորհավորանքները ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի հետ պատերազմում տարած փաստացի հաղթանակի կապակցությամբ ռիսկային են թվում: Ի վերջո, մինչ այժմ Բելառուսը ԼՂ հակամարտության հարցում փորձում էր չեզոք դիրք գրավել: Այս հայտարարությունը Հայաստանում կարող է ընկալվել որպես ոչ բարեկամական: Այցը ինքնին, զենքի հնարավոր վաճառքը և շնորհավորանքները խայթոց են Հայաստանին և կարող են որոշակի լարվածության հանգեցնել այս երկրի հետ հարաբերություններում»,-այս կապակցությամբ ասել է քաղաքական վերլուծաբան Վալերի Կարբալևիչը:
Մեկնաբանելով Լուկաշենկոյի այցի հնարավոր նպատակները՝ փորձագետները խոսում են գումար խնդրելու նրա ծրագրերի մասին: 2010-ին Ալիևն արդեն փրկել էր Լուկաշենկոյին՝ նրան 200 միլիոն դոլար տրամադրելով, որպեսզի նա կարողանա հաշիվները մաքրել «Գազպրոմ»-ի հետ: Չի բացառվում, որ երկու ղեկավարները քննարկած լինեն զենքի մատակարարման խնդիրները: Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոյի համար արտաքին քաղաքականությունը նեղացել է ԱՊՀ երկրների մասշտաբով՝ գումարած Չինաստանը. Արևմուտքում նրան չեն ճանաչվում որպես լեգիտիմ առաջնորդ: