
Արցախ ԱԺ նախագահն ընդունել է «Կին փախստականների միավորում» ՀԿ ներկայացուցիչներին, քննարկվել են բռնի տեղահանվածների հիմնախնդիրները

Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Կառույցը նորաստեղծ է, միավորման նախագահ Ռուզաննա Ավագյանի խոսքով՝ կին փախստականները միավորվել են՝ տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու, միջազգային հարթակներում փախստականների հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով:
Խնդիրներից հիմնականը բնակարանային հարցն է: Շուրջ 33 տարի մարդիկ բնակարանային հերթում են, այժմ մտավախություն ունեն, որ 44-օրյա պատերազմի արդյունքում նոր բռնի տեղահանվածների խնդիրների կողքին իրենց հիմնախնդիրներն անուշադրության կմատնվեն:
Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը՝ շեշտելով այն հանգամանքը, որ արցախցին պետք է Արցախում ապրի: Նա հավաստիացրել է, որ բռնի տեղահանվածների հիմնախնդիրները պետության ուշադրության կենտրոնում են: Շուրջ 8000 ընտանիք բնակարանի կարիք ունի, ավելի քան 2000-ն էլ նախկին հերթացուցակում են:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է նոր հասարակական կառույցի գաղափարը՝ ընդգծելով միասնական ուժերով երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը: