Էդմոն Մարուքյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի նախկին պետի վերաբերյալ իր հարցին Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը թեման չի փակել, քանի որ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հերքում է Օնիկ Գասպարյանը:
«Իմ մոտեցումը հետևյալն է, մարտի 1-ին արված հայտարարությունն առ այն, որ Օնիկ Գասպարյանը և ԳՇ գեներալներն իրենց հայտարարությունը կոնկրետ Սերժ Սարգսյանի հրահանգով են գրել ու ստորագրել, առ այսօր որևէ ապացույց չի ներկայացրել: Ես ասել եմ, որ հանիրավի մեղադրում է մարդկանց և փորձում վարկաբեկել: Այդ ինչպե՞ս է լինում, որ հենց իրարից բաժանվում են, իրար մասին սկսում են ասել ինչ-որ բաներ, որի վերաբերյալ հանրությունը որևէ ապացույցներ չունի: Ես առաջարկել եմ դա հրապարակել: Ես չեմ պատրաստվում գնալ ու ծանոթանալ գաղտնի նյութերին, ինչո՞ւ, որովհետև ես դրա իրավունքն ունեի մինչ այդ էլ: Այսինքն՝ ցանկացած պահի, ես կարող եմ դիմել, ստանալ ու ուսումնասիրել այդ նյութերը: Հիմա ես դա չեմ կարող անել, քանի որ դրանից հետո պետք է հանրությանը տեղեկություն փոխանցեմ: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կհրապարակի տեղեկություն, որ այդ ամենը Սերժ Սարգսյանի հրահանգով է եղել, դա էլ թող հրապարակի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու առաջարկը:
Ըստ նրա՝ քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գաղտնի տեղեկատվություն փոխանցել, այսինքն՝ Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունից հղում արել, ապա ինքն էլ պետք է ապացուցի, որ ճիշտ է:
Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը հակասում է նախկինում արած իր հայտարարություններին, թե ինչու այդպես արեց՝ պատասխանը մեկն է, որպեսզի գնա գյուղեր, իրեն հարցեր տան, ինքն էլ պատասխանի, որ ԱԺ-ում այդ հարցերին արդեն պատասխանել է:
Նա հիշեցրեց, որ դեռևս նոյեմբերի վերջից սկսած հայտարարել են, որ պետք է ստեղծվի պարիտետային հանձնաժողով, հետևաբար՝ մինչև այն չստեղծվի, բոլոր կողմերը կարող են իրար հերքել:
«Կառավարության հետ երեկվա հարցուպատասխանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեզ քննություն է պետք, ճշմարտությունը պարզել է պետք: Այս պայմաններում, ով ամբիոնից բարձր է գոռում, ստացվելու է, որ նա է ճիշտը, բայց այդպես չէ»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում երեկ ունեցած ելույթին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ մինչև արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մեկ ժամ ելույթ ունենալու իրավունք չունի:
«Սա նրա միակ շանսն էր, որ հնարավորություն ուներ մեկ ժամանոց ելույթ ունենալ, բնականաբար, նա այդ ժամանակն արդյունավետ օգտագործեց, այո, այն նախընտրական քարոզարշավի մեկնարկ էր»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում