Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմական նավերի անցումը Սեւ ծով

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 15-ին հաստատել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմական նավերի անցումը Սև ծով: «Երեկ ԱՄՆ-ը բանավոր կերպով մեզ հաստատել է, որ չեղարկել է անցումը: Գրավոր ծանուցում առայժմ չկա»,-Չավուշօղլուն ասել է NTV հեռուստաալիքին:

Նա նշել է, որ եթե ամերիկյան նավերը Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով չանցնեն ապրիլի 15-ին, ապա, Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, ԱՄՆ-ը կրկին նավերի անցում կկարողանա խնդրել միայն 15 օր անց: Ավելի վաղ NTV և CNN Turk հեռուստաալիքները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել են, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի իշխանություններին ծանուցել են ապրիլի 15-ին պլանավորված իր երկու ռազմանավերի՝ Բոսֆորի նեղուցով Սև ծով անցնելու չեղարկման մասին: CNN Turk-ը նաև նշել է, որ նավերի՝ ուրիշ օրերին անցնելու վերաբերյալ խնդրանք չի եղել: Ապրիլի 14-ին հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook («Դոնալդ Քուք») Էսկադրային ականակիրը, իսկ հետո նաև երկրորդ Էսկադրային ականակիրը՝ Roosevelt-ը, հունական Կրետե կղզու Սուդա-Բեյ ռազմակայանից դուրս են եկել սևծովյան նեղուցների ուղղությամբ: ԱՄՆ-ն ավելի վաղ թուրքական իշխանություններին ծանուցել էր իր երկու մարտանավերի Սև ծով ուղարկելու մասին:

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ նավերը պետք է Սև ծով մտնեին ապրիլի 14-15-ին և այնտեղ գտնվեին մինչև մայիսի 4-5-ը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների ռազմական ակտիվությունից, ներառյալ նրա նավերի երթը Սև ծովում»: Պենտագոնը նշել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի ուղարկելը Սև ծով կանոնավոր գործողություն է, որը սովորաբար Անկարայի հետ համաձայնեցվում է Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս