Մատվիենկոն Հայաստանում բաց և ժողովրդավար խորհրդարանական ընտրությունների հույս է հայտնել
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Այս մասին Մատվիենկոն ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է: Իհարկե, համավարակն իր շտկումները մտցրեց: Ծրագրվածներից ամեն բան չէ, որ հաջողվեց լիակատար ծավալով կյանքի կոչել: Սակայն կարծում եմ, որ հիմա՝ համավարակի հետ կապված իրավիճակի կայունացմանը զուգահեռ կկարողանանք հետ բերել բաց թողնվածն ու վերադառնալ խորհրդարանների միջև նորմալ, ռիթմիկ փոխգործակցության»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:
Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցել են համավարակի ընթացքում և դրանից դուրս են եկել բավական քիչ կորուստներով՝ ի տարբերություն այլ երկրների: «Հայաստանն առաջիններից էր, որ ստացավ ռուսական պատվաստանյութերը, որոնք արդեն իրենք իրենց երաշխավորել են»,- նշել է Դաշնային խորհրդի նախագահը: Նա հիշեցրել է, որ 60-ից ավելի երկրներ գնել կամ գրանցել են ռուսական պատվաստանյութերը:
Մատվիենկոն կարևորագույն քաղաքական իրադարձություն է որակել առաջիկայում Հայաստանում ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հուսով ենք, որ չնայած բոլոր դժվարություններին՝ ընտրությունները կլինեն բաց, ժողովրդավարական և թույլ կտան կայունացնել սոցիալական իրադրությունը Հայաստանում»,- ասել է նա: