2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից

Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ստորև ներկայացնում ենք 10 խոշոր հարկատուներին՝ իրենց վճարած հարկերով։

«Գազպրոմ արմենիա» –  18,704,826 մլրդ դրամ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» – 15,051,743 մլրդ դրամ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» – 9,770,690 մլրդ դրամ
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» – 4,139,508 մլրդ դրամ
«Գեոպրոմայնինգ գոլդ» – 3,775,493 մլրդ դրամ
«ՄՏՍ Հայաստան» – 3,549,246 մլրդ դրամ
«Գրանդ տոբակո» – 3,140,576 մլրդ դրամ
«Ֆլեշ» – 3,064,588 մլրդ դրամ
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» – 2,606,708 դրամ մլրդ
«ԱիՓիԷս օիլ» -2,580,112 մլրդ  դրամ

Տեսանյութեր

Լրահոս