
Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

Մահացել է Թուրքիայի նախագահին կից խորհրդատվական խորհրդի անդամ, երկրի նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Յըլդըրըմ Աքբուլութը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
86-ամյա Աքբուլութը մահացել է ապրիլի 14-ին` Անկարայի համալսարանական հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում:
Յըլդըրըմ Աքբուլութը ծնվել է 1935 թվականին Արզինջան քաղաքում:
Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին եղել է Ներքին գործերի նախարար Թուրգութ Օզալի կառավարությունում:
1987-1989 թվականներին Աքբուլութն աշխատել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնում: Օզալի` երկրի նախագահ ընտրվելուց հետո, նա «Անա Վաթան» կուսակցության նախագահն էր, իսկ 1989-91թթ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը:
1999-2000 թվականներին նա կրկին զբաղեցրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնը: