Ալիևը երևի մոռացել է, որ քաղհասարակությունը, որը տարիներ շարունակ սպասարկում էր իր շահերը, արդեն երեք տարի է՝ իշխանություն են․ նա հանգիստ կարող է դիմել ՀՀ իշխանություններին. ադրբեջանագետ

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնոց նետեց մարդու իրավունքներին, համամարդկային արժեքներին․ Ալիևը երեկ հպարտությամբ կանգնած էր Բաքվում բացված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ»-ում, որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին՝ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ՝ արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Նկատենք՝ անգամ իշխանական ու իշխանամերձ շրջանակները, որոնք հաճախ էին խոսում Ադրբեջանի հետ երկխոսությունների հնարավորությունների մասին՝ չբացառելով գործընկերային հարաբերությունները, «հանկարծ» զգացին Ադրբեջանի ատելությունը, ագրեսիան, և իրար հերթ չտալով՝ քննադատեցին կատարվածը։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս արձագանքներին՝ նկատեց, որ ՀՀ իշխանությունները բաղկացած են «անպատասխանատու և հիմար» մարդկանցից, թե ինչու՝ մանրամասնեց․

«Խաղաղություն փորձել կառուցել մի պետության հետ, որը քեզ ատում է, կարող է միայն կատարյալ հիմարը, և երեք տարի անդադար դրա մասին խոսվել է, էլ չեմ ասում, որ 20 տարի անդադար տարբեր-զանազան գրքեր են գրվել, հոդվածներ են տպվել։ Այսինքն՝ իրենցից շատ չէր գնում՝ նստել և կարդալ նախորդ սերունդների աշխատությունները․ նորմալ է, երբ նոր եկածը նախորդի աշխատությունների հետ ծանոթանում է, որպեսզի հասկանա՝ ինչ հիմքի վրա է նա կառուցելու ապագան։

Երկրորդը՝ երբ մարդ են առևանգում և հրկիզում անտառում, դա նրանց ոչինչ չասաց, երբ Ալիևը լկտիաբար կանգնում՝ «նոլդու Փաշինյան էր» անում և ասում, որ մենք հայերին շների պես պետք է լարենք, դա նրանց ոչինչ չասաց, հիմա մեկ էլ հոպ, կես տարի անց պուրակ է բացվում, ու շատ պատգամավորներ և կառավարությունը զարմացել են և ուշքի՞ են եկել։

Ի՞նչ կարող եմ նրանց ասել․ միայն այն, որ հաջորդ փուլում այդ պուրակում իրենց տիկերն է տեղադրվելու»։

Դիտարկմանը, թե չնայած նման ակնհայտ թշնամական դրվագներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին՝ կոչ անելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում, ադրբեջանագետն արձագանքեց․

«Պակաս հիմարն էլ Ալիևը չի, որովհետև նա երևի մոռացել է, որ այդ քաղհասարակությունը, որը տարիներ շարունակ սպասարկում էր իր շահերը՝ հայկական տեղեկատվական դաշտ բերելով իր թեզերը, արդեն երեք տարի է՝ իշխանություն են։ Այսինքն՝ նա հանգիստ կարող է դիմել ՀՀ իշխանություններին։ Որովհետև ուրիշ քաղհասարակություն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի․ ես չգիտեմ՝ ինքն ում է դիմում․ ի՞նձ է դիմում, ես Ալիևի հետ խոսելու բան չունեմ, կնքելու բան չունեմ և պայմանավորվելու բան չունեմ, որովհետև Ալիևը խաբեբա, հայատյաց, բարդույթավորված մարդ է, որն անպատժելիությունից կորցնելով չափի սահմանները՝ մինչև վերջին խազը նվաստացնելու է ինձ, իմ երկիրը, մեր ժողովրդին և մեր հասարակությանը»։

«Ես Ալիևի հետ ստորագրելու ոչինչ չունեմ, եթե նա դիմում է ինձ՝ որպես քաղհասարակություն, իսկ եթե նա ուզում է դիմել այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ երգել են ադրբեջանական եղբայրության մասին և համարում էին, որ Արցախյան պատերազմի հաղթանակը, Ապրիլյանի հաղթանակը խայտառակություն է, վաղուց կառավարության մեջ են և այսօր էլ զարմացած ելույթներ են ունենում պառլամենտում»,- վերահաստատեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս