
Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին», – ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:
Ալիևը կարծում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:
«Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված», – ասել է նա:
Ալիևը նաև կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում:
«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ փոխազդեցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից… Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային», – ընդգծել է պետության ղեկավարը: