
Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և այս համատեքստում քննարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարումը: Այս մասին ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնել է, որ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: