«Որոշումը հակասում է Սահմանադրությանը». ՍԴ-ն Նաիրա Զոհրաբյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցի սահմանադրականությունը որոշելու հարցի գրավոր քննությունը:
Հիշեցնենք, որ Զոհրաբյանը, խոսելով անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծի մասին, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին, իսկ նման հանձնաժողով չէր ստեղծվել: Եվ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։
Բարձր դատարանի դատավորներն այժմ խորհրդակցական սենյակում են` հարցի սահմանադրականության վերաբերյալ որոշում ընդունելու համար:
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը նշեց, թե ՍԴ-ից ակնկալում են, որ կայացրած որոշումը կճանաչվի հակասահմանադրական:
«Թույլատրվել է օրենքի խախտում, և կայացված որոշումը հակասում է Սահմանադրությանը: Եթե չունենայինք այդ ակնկալիքն ու համոզմունքը, բնականաբար, չէինք դիմի ՍԴ»,- ասաց Հովիկ Սուքիասյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում իրենց դիմումը, երբ եղել է գրառում, որ, ըստ իշխող ուժի՝ գրառման մեջ ակնհայտ խախտում կար, և այն անհամատեղելի էր պաշտոնին, փաստաբանը նշեց.
«Գրառմանը ես հիմա չեմ անդրադառնա, բայց եթե գրառումը անհամատեղելիության համատեքստում քննարկվում է, ուրեմն պետք է էթիկայի հանձնաժողով կազմվեր ու գրառումը քննարկվեր էթիկայի հանձնաժողովի կողմից: Եվ միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության վրա կարող էին եզրահանգում կատարել` թույլ տվե՞լ է պատգամավորը էթիկայի խախտում, թե՞ ոչ: Եվ սա ոչ թե վերաբերում է հանձնաժողովի նախագահին ինքնին, այլ դա վերաբերում է պատգամավորին: Հիմա, եթե խոսքը վերաբերում է հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելուն, մեր խորին համոզմամբ՝ և Սահմանադրության 106 հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության մեկնաբանությունը, և դրա հիման վրա ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մեկնաբանությունը միանշանակ կատեգորիկ դատողություն է պարունակում այն մասին, որ հանձնաժողովի նախագահին առաջադրում է խմբակցությունը և կարող է հետ կանչել նույն խմբակցությումը: Մեկ այլ խմբակցություն չի կարող: Սա կատեգորիկ պահանջ է:
Օրենսդրի նպատակն ԱԺ պատգամավորական փոքրամասնության ներկայացուցչությունն ապահովելն է և իրավունքների իրականացման երաշխիքների ապահովումը: Հիմա ստացվում է մի վիճակ, որ եթե կառավարող խմբակցությունը որոշի, որ չպետք է տվյալ անձը լինի հանձնաժողովի նախագահ, ուրեմն բոլորին կարող են հետ կանչել: Բայց մեր խորին համոզմամբ՝ նման իրավասության` սուբյեկտ հետ կանչելու, սուբյեկտ հանդիսանում է բացառապես այն խմբակցությունը, որն առաջադրել է՝ որպես նախագահ»,- ասաց Հովիկ Սուքիասյանը:
Եթե ՍԴ-ն ԱԺ որոշումը ճանաչի Սահմանադրությանը հակասող, Զոհրաբյանը վերականգնվելու է պաշտոնում:
Հիշեցնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է: ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, իշխող «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց: