Ի՞նչ կապ ունեն Գյումրիի մանկական հիվանդանոցի չարաշահումների դեպքի բացահայտման հետ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման ղեկավարի քաղաքական նախընտրությունները
Մարտի 26-ին 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը կազմակերպված խմբի կազմում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ էր շորթել պետական բյուջեից:
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործը ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, և վերոնշյալ թեմայի մեջ եղած անձինք՝ հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը և բժիշկներ Հասմիկ Խաչատրյանը, Ժաննա Սարգսյանը և Դոնարա Հակոբյանը, ամեն ջանք գործադրում են գործը փակելու, թեման մոռացության տալու համար: Ըստ լուրերի՝ այլ բժիշկներ ևս ներգրավված են գործի մեջ: Խոսքը, ըստ լուրերի, շուրջ 8 միլիոն դրամի չարաշահումների մասին է:
Մարտի 31-ին տեղեկացանք, որ երեկ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ազատազրկվում է 4-8 տարի ժամկետով, և պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:
Մարտի 31-ի դրությամբ ձերբակալված անձինք չկային, չկային նաև պաշտոնատար անձինք, ում մեղադրանք էր առաջադրված:
168.am-ին նոր տեղեկություններ են հասել՝ այս դեպքի բացահայտման պատճառների հետ կապված:
Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ այդ չարաշահումների մասին իշխանությունները շատ ավելի վաղ են տեղյակ եղել, քանի որ առերևույթ հանցագործությունը կատարվել է անցյալ տարի, գերակշիռ կերպով՝ պատերազմի ժամանակ, սակայն դրա՝ հիմա ջրի երես դուրս գալն իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ չարաշահումների գործով անցնող, Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանի հորաքրոջ որդին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է, ով լայն հանրությանը հայտնի է՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու և, մասնավորապես, Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կազմակերպված արշավի, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման ղեկավար: Գյումրիում վստահ են, որ այդ պաշտոնը նա ստացել է հենց այդ շարժումն առաջնորդելու համար:
Պարզվում է, սակայն, որ մինչ այս գործի բացահայտումն ու դրան ընթացք տալը Կարեն Պետրոսյանն ամենուր փնովել է Նիկոլ Փաշինյանին ու ասել, որ հնարավոր առաջիկա ընտրություններում պաշտպանելու է ոչ թե «Իմ քայլին», այլ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Ինֆորմացիան, բնականաբար, հասել է քաղաքական իշխող վերնախավին, որոնք էլ Կարեն Պետրոսյանին կարգի հրավիրելու համար որոշել են պատժել նրա քեռու որդուն՝ հենց Կարեն Պետրոսյանի քվոտայով Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն նշանակված Ժորժիկ Սերոբյանին:
Գյումրիում խոսում են, որ, եթե տանդեմով գործող Ժորժիկ Սերոբյանն ու նրա հայրը՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն իրենց ազգականի՝ Կարեն Պետրոսյանի հետ միասին կարգի չհրավիրվեն, ապա Ժորժիկ Սերոբյանի քրեական գործը շատ աագ կարող է անցանկալի ընթացք ստանալ, որ վերջինս կձերբակալվի, իսկ Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված բազմաթիվ քրեական գործերն էլ ցանկալի վերջաբան չեն ունենա:
Հիշեցնենք, որ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործը՝ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով, այս պահին դատարանում է: Նրա դեմ հաղորդում են ներկայացրել ՇՊՀ դասախոսները՝ փաստելով, որ 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակում 1-ին կուրսի «Կենսաբանություն» առարկայի 66 դասաժամերը Երվանդ Սերոբյանը չի պարապել: Դա իր փոխարեն արել է ամբիոնի վարիչը, սակայն մատյան լրացրել, միջանկյալ քննություններ նշանակել է, ակտիվություն է գնահատել, այսինքն՝ պաշտոնական մի քանի փաստաթղթեր է կեղծել Երվանդ Սերոբյանը:
ՇՊՀ-ում վստահ են, որ այս գործով դատական նիստը շարունակ երկարաձգվում է իշխանությունների հրահանգով, որոնք դրանով հասկացնել են տալիս, որ սպասում են Կարեն Պետրոսյանի դիրքորոշմանն ընտրություններին ընդառաջ, որ համապատասխան որոշում ընդունվի: Նշում են, որ մարզի իրավապահ կառույցները հապաղում են Երվանդ Սերոբյանի հետ կապված այլ քրեական գործեր հարուցելու հարցում:
Փաստորեն, Կարեն Պետրոսյանին սանձելու համար իշխանությունները որոշել են «ճնշել» նրա քեռուն ու վերջինի որդուն:
Գյումրեցիները պատմում են, որ Կարեն Պետրոսյանին անգամ Երևան են հրավիրել, և վերջինիս հետ տարված «դաստիարակչական» աշխատանքներից հետո կարծես թե նա «մտափոխվել է» և հիմա արդեն կսատարի իշխող ուժին:
Մարզում վստահ են, որ իշխանությունների համար բարդ կլինի Կարեն Պետրոսյանին աշխատանքից ազատելը, քանի որ նա, ինչպես ասում են, «շատ բան գիտի այս իշխանությունների մասին»:
«Կարենն այն անձն է, ով համակարգել է իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու և կոնկրետ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հարձակումների պատվերը: Կարենին գործից ազատելը խնդրահարույց է. նա կարող է իր բերանը բացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Կաթողիկոսի դեմ շարժման ընթացքում, և ով է դրա իրական պատվիրատուն»,- ասացին մեզ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր 168.am-ին պատասխանեցին, որ այս գործով դեռ զարգացումներ չկան, կատարվում են գործողություններ: